Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն, Նոր Ջուղայի Սբ. Ամենափրկիչ վանքի թալանի կապակցությամբ, Իրանի անվտանգության ուժերի կողմից 2-5 հայեր են ձերբակալվել Սպահանում: Այս մասին հաղորդում է Թեհրանում լույս տեսնող «Արաքս» շաբաթաթերթը:

Թերթի փոխանցմամբ, առայժմ ոչ մի տեղեկություն չկա, թե արդյոք այս կապակցությամբ դիմում կատարվե՞լ է Ինտերպոլին, թանգարանային իրերը վաճառքի հանողներին ձերբակալելու համար, թե` ոչ: Անհայտ է նաեւ, թե արդյոք Սպահանի հայոց թեմի Թեմական խորհուրդը այս առթիվ որոշակի քայլերի դիմե՞լ է թե ոչ:

Նոր Ջուղայում տարածվող լուրերի համաձայն՝ ձերբակալված կասկածյալների թիվը 5 է, իսկ ավելի հավաստի աղբյուրները միայն երկու հոգու մասին են խոսում, ընդ որում մեկը` կին:

Նույն աղբյուրի վկայությամբ, այս պահին մեղադրվողները, մեկ միլիարդ ռիալ (մոտ 85 հազար ԱՄՆ դոլլար) երաշխիքի դիմաց, գտնվում են ազատության մեջ:

Այսօրվա դրությամբ դեռ պարզ չէ նաեւ, թե կողոպտված թանգարանային իրերը ուր են կամ գտնվե՞լ են, թե` ոչ:

Սակայն նշվում է, որ ըստ երեւույթին, սրբապատկերները երկրից դուրս չեն տարվել, «այլ միայն նրանց պատկերներով են թալանողները Լոնդոնում հետաքրքրվել «ավարի» արժեքը ճշտելու համար»:

Սպահանի հայոց թեմի Թեմական խորհուրդը մինչ օրս պաշտոնական ոչ մի տեղեկատվություն չի հրապարակվել ձերբակալությունների կապակցությամբ եւ շարունակում է լռել: