Սիրտ քաղաքում մղվող դաժան մարտերի պատճառով, «Կարմիր Խաչի» աշխատակիցները չեն կարողացել դեղորայք հասցնել այնտեղ, հաղորդել է Reuters գործակալությունը: Նույնիսկ պահակախմբի ուղեկցությամբ չի հաջողվել դեղորայք փոխադրել: «Քադաֆիի կողմնակիցները կրակ են բացել»,- ասել է Ազգային անցումային խորհրդի ուժերի ղեկավար Իսմայիլ ալ Սոսին:
Սակայն, ըստ ականատեսների, Քադաֆիի կողմնակիցները Սիրտում կրակ չեն բացել, փոխանցում է «Գազետա.ռու»-ն: Մարդասիրական կազմակերպությունները պնդում են, որ գնդապետ Քադաֆիի հայրենի քաղաքում խմելու ջրի, սննդի, վառելիքի եւ դեղորայքի սուր պակաս կա: Մարդիկ չեն կարողանում քաղաքը լքել չդադարող ռազմական գործողությունների պատճառով:
Նշենք, որ Սիրտը եւ Բանի Վալիդը Քադաֆիի կողմնակիցների դիմադրության վերջին կենտրոններն են, սակայն ապստամբները հայտարարել են, թե արդեն գրավել են քաղաքի օդանավակայանը: Անցումային խորհուրդը երկօրյա հրադադար է հայտարարել, որպեսզի խաղաղ բնակիչները թողնեն քաղաքը, սակայն մարտերը, միեւնույն է, շարունակվում են:




























