Կա՞ արդյոք նմանություն Լեռնային Ղարաբաղի եւ Ինդոնեզիայի, Արեւելյան Թիմորի, Ֆիլիպինների հակամարտությունների միջեւ: Այս հարցի պատասխանն էր կոչված տալ International Alert ոչ կառավարական կազմակերպության կողմից, ԵՄ աջակցությամբ իրականացված նախագիծը, որի շրջանակում  Հայաստանից եւ Լեռնային Ղարաբաղից  երկուական, իսկ Ադրբեջանից` երեք ներկայացուցիչ այցելել էին Ինդոնեզիա, Արեւելյան Թիմոր եւ Ֆիլիպիններ:

Այցից իրենց տպավորություններն, այսօր` հոկտեմբերի 3-ին, հրավիրած ասուլիսում ներկայացրեցին Կովկասի ինտիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը  եւ «Եվրոպական ինտեգրացիա»  վերլուծական կենտրոնի ղեկավար Կարեն Բեքարյանը:

«Մենք` նախագծի մասնակիցներս, միասին էինք աշխատում: Բազմաթիվ հանդիպումներ ունեցանք, որոնք լայն սպեկտր էին ընդգրկում` պետական պաշտոնյաներից մինչեւ կուսակցական լիդերներ, համալսարանի դասախոսներ, լրագրողներ, իրավապաշտպաններ»,-նշեց Իսկանդարյանը:

Հակիրճ ներկայացնելով հակամարտության ակունքները, որն ավարտվեց Ինդոնեզիայից Հարավային Թիմորի անկախացմամբ, Ալեքսանդր Իսկանդարյանն ընդգծեց «Թիմորի բնակչության այն հպարտությունն ու ոգեւորությունը, որով նրանք  պետություն են կառուցում»` միաժամանակ նշելով, որ տարածաշրջանի զարգացման մակարդակը ոչ մի կերպ հնարավոր չէ համեմատել Հարավային Կովկասի հետ:

Իր հերթին Կարեն Բեքարյանը ներկայացրեց  տարբեր փուլերում գտնվող մյուս երկու հակամարտությունները, որոնց բախվել էր Ինդոնեզիան` Աչեխ մարզի եւ  Ինդոնեզիայի ենթակայության տակ գտնվող Նոր Գվինեա կղզու մի մասի հետ: Երկու դեպքում էլ խոսքն անկախության պահանջի մասին է: Սական պաշտոնական Ջակարտան չի խուսափում խռովարար շրջանների հետ բանակցություններից, այլ նույնիսկ միաջազգային միջնորդությամբ բանակցությունների է նստում նրանց հետ: Բեքարյանի խոսքով` Ինդոնեզիայում իսպառ բացակայում է ատելության քարոզչությունը, ռազմական հռետորաբանությունը:

Հակառակը, կարծիք կար, որ Ինդոնեզիան լավագույն կերպով չի վարվել պորտուգալական նախկին գաղութի հետ, եւ անհրաժեշտ է շտկել իրավիճակը: Նույնիսկ եղել են  ցույցեր` ի պաշտպանություն Արեւելյան Թիմորի: Ստեղծվել է խորհուրդ, որի կազմում են երկու կողմերի ներկայացուցիչներ, կողմերը փորձում են համագործակցաբար «շրջել էջը» եւ միասին նայել ապագային, ստեղծել փոխշահավետ, վստահելի հարաբերություններ: Դրա վկայությունն է այն փաստը, որ Արեւելյան Թիմորի մոտ 6 հազար երիտասարդներ ուսանում են Ինդոնեզիայում, իսկ ինդոնեզացիներն աշխատում են Թիմորում: