Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել իր եգիպտոսցի գործընկեր Սամեհ Շուքրիի հետ՝ երկկողմ հարաբերությունները քննարկելու նպատակով։ Այս մասին հայտնում է Անադոլուն՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները:
Շուքրին նաեւ շնորհավորել է Ֆիդանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։
Այս շաբաթվա սկզբին է Ֆիդանն ընդունել արտաքին գերատեսչության ղեկավարումն իր նախորդ Մեվլութ Չավուշօղլուից: Մինչեւ այդ նա 13 տարի գլխավորում էր Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT):
Ապրիլին Թուրքիայի այն ժամանակվա արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան եւ Եգիպտոսը պայմանավորվել են բարելավել երկկողմ կապերը եւ բարձրագույն մակարդակի բարձրացնել դիվանագիտական հարաբերությունները:
Թուրքիայի եւ Եգիպտոսի միջեւ դիվանագիտական հարաբերությունները 2013 թվականից ի վեր ժամանակավոր հավատարմատարների մակարդակում են:





























