Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հունվարի 19-ին բռնկված ողբերգական հրդեհի գործով կալանավորված զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանին առաջադրված մեղադրանքի եւ կատարվածի միջեւ պատճառահետեւանքային կապ չկա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գոռ Աղեկյանի փաստաբան Ժորա Համբարձումյանը։
«Նախաքննական մարմինը պետք է հիմնավորի՝ թե արդյոք կրակմարիչների առկայության պայմաններում առհասարակ հնարավոր կլիներ կասեցնելու հրդեհի նման ուժգին բռնկումը, թե՝ ոչ: Քրեական վարույթի շրջանակներում առկա է անհերքելի հաստատված տվյալ առ այն, որ կացարանում գտնվող վառարանը տաքացվել է արգելված դյուրավառ վառելիքով, ինչն արդեն իսկ ԶՈՒ կանոնագրքով ուղղակիերոն արգելված է: Այդ գործողության հետ Աղեկյանը որևէ առընչություն չունի։ Կացարանն օբյեկտիվորեն զրկված է եղել մինիմալ կահավորման և այլ պայմաններից, իսկ դա Աղեկյանի խնդիրը չէ, այլ դրա համար կարծում ենք պատասխանատու անձինք պետք է հանդիսանան ավելի բարձր զինվորական պաշտոններ զբաղեցնող սպաներ: Ըստ վկայությունների՝ Աղեկյանը թե ժողովներում թե տողաններում բազմիցս հորդորել է, որ եթե կրակմարիչներ չկա համալրեն, եթե սարքին չեն՝ բերեն լիցքավորեն»,- ասաց նա։
Փաստաբանի խոսքով առարկայական ցուցմունքները տվել են կրակմարիչների մասով եւ դրանք պնդել են Աղեկյանի հետ առերես հարցաքննության ընթացքում: Այսինքն՝ վարույթն իրականացնող մարմինն իր ձեռքի տակ արդեն իսկ ունի այդ ապացույցները, հետևաբար ինչի՞ն պետք է խոչընդոտի Գ.Աղեկյանը կամ ո՞ւմ վրա պետք է ազդություն գործադրի:
Պաշտպանական կողմի համար առնվազն անհասականալի է եւ տարակուսելի, թե ինչու է վարույթն իրականացնող մարմինը միևնույն արարքի համար մեղադրվող չորս անձանցից երկուսին որպես խափանման միջոց ընտրել բացակայելու արգելքը՝ իսկ մյուս երկուսի մասով կալանքը:
«Բազմաթիվ հարցեր են առաջանում, թե ինչու է վարույթն իրականացնող մարմինը նման տարբերակված մոտեցում ցուցաբերում։ Այսինքն․ ըստ նախաքննական մարմնի, Գոռ Աղեկյանը եւ Մառլեն Սարգսյանը կարող են խոչընդոտել քննությանը, ազդեցություն ունենալ վկաների վրա, իսկ Գոռ Մարգարյանը եւ Տիգրան Ղազարյանը չեն կարող»,- նշեց Համբարձումյանը։
Գոռ Աղեկյանի կալանքի հիմքում ընկած է այն, որ նա կարող է ազդեցություն ունենալ վկաների վրա։ Մինչդեռ փաստաբանի խոսքով՝ անձինք առարկայական ցուցմունքները տվել են կրակմարիչների մասով․ «Արդեն անտրամաբանական է կարծելը, որ Գոռ Աղեկյանը կարող է ազդել քննության վրա։ Այդ ապացույցներն ունի արդեն նախաքննական մարմինը, հետեւաբար ինչի՞ն պետք է խոչընդոտի Աղեկյանը»։
Պաշտպանական կողմը կալանքի բողոքարկման մեջ նշել է նաեւ տնային կալանքի կիրառման տարբերակը, որով Աղեկյանի հաղորդակցման հնարավորությունները սահմանափակ կլինեն եւ վկաների վրա հնարավոր ազդեցության ռիսկերը կչեզոքանան, սակայն նախաքննական մարմինը մերժել է։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող: 7 զինծառայող վիրավորվել էր:
Ողբերգությունից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրել էր պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։
Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ) եւ վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։
Գործով մեղադրյալի կարգավիճակ ունի հինգ սպա։ Նրանցից երկուսը՝ թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի եւ կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը եւ զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ մայոր Մառլեն Սարգսյանը կալանավորված են։ Նրանք մեղադրվում են զինվորական պաշտոնեական անփութություն կատարելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Նույն հոդվածով հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաեւ վաշտի հրամանատար Գ․Մ․-ի նկատմամբ։ Որպես խափանման միջոց ընտրվել է երկրից բացակայելու արգելքը։ Զորամասի ինժեներական ծառայության պետ Տ.Ղ.-ի նկատմամբ եւս հարուցել է հանրային քրեական հետապնդում։
Առանցքային մեղադրյալ, կապիտան Եղիշե Հակոբյանը, որին է մեղսագրվում վառարանը բենզինով վառելու արարքը, որն առաջացրել է 15 զինծառայողների մահը, կալանավորված է։
Նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ): Նա, թեեւ իր հարցաքննության ընթացքում վերաբերմունք չի հայտնել իրեն առաջադրված մեղադրանքին, սակայն հաստատել է, որ բենզինը վառարանի մեջ լցրել է, սակայն ոչ թե հինգլիտրանոց տարրայով, ինչպես հաղորդում է նախաքննական մարմինը, այլ սուրճի բաժակով։ Կապիտանը Հակոբյանն ասել է, որ կացարան այցելել է շատ քիչ եւ այդ օրն էլ այդտեղ էլ ընկերոջ խնդրանքով։ Նա նաեւ նշել է, որ փորձել է զինծառայողներին արթնացնել, գոռացել է, սակայն կրակի՝ նախասրահից ննջասենյակ հասնելու 20 րոպեների ընթացքում 15 զինծառայողներն այդպես էլ չեն արձագանքել։




























