ԵԽԽՎ ղեկավար Մեւլյութ Չավուշօղլուն պատասխանել է Հայաստանին վերաբերող հարցերին` Ստրասբուրգում ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի շրջանակներում կայացած մամուլի ասուլիսում: Ավելի քան մեկուկես ժամ տեւած ասուլիսում ակտիվ են եղել հայ լրագրողները, որոնք երեք հարց են տվել Հայաստանի վերաբերյալ:
Պատասխանելով Հայաստանում բարեփոխումների եւ մարտի 1-ի իրադարձությունների հետաքննության մասին հարցին` Չավուշօղլուն նշել է, թե Երեւան կատարած իր այցից հետո որոշակի առաջընթաց է գրանցվել, եւ ընդգծել է, թե ԵԽԽՎ-ն ողջունում է Հայաստանում իրականացվող բարեփոխումները:
Նա նաեւ նշել է, թե ԵԽԽՎ-ն ակնկալում է իրադարձությունների դրական զարգացում եւ մարտի 1-ի դեպքերի լուրջ հետաքննություն:
Մեկնաբանելով Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների մասին համազեկուցողների զեկույցը, որում ասված էր, թե մարտի 1-ի էջը կարելի է փակված համարել, ԵԽԽՎ քարտուղարն ասել է, թե չի ցանկանում միջամտել Մոնիտորինգի հանձնաժողովի եւ համազեկուցողների աշխատանքին: «Դա լուրջ հարց է: Ես դեռ ցանկանում եմ հիշեցնել իշխանություններին, որ պետք է լուրջ հետաքննություն անցկացվի: Այդ հարցը չպետք է քաղաքականացվի, քանի որ 10 մարդ է մահացել»,- ասել է նա:
Չավուշօղլուն նաեւ մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքը` նկատելով, որ հայ գործընկերները իրեն մեղադրում են, թե դա «իր նախաձեռնությունն է»: «Ձեզ դուր է գալիս, թե ոչ ԵԽԽՎ յուրաքանչյուր անդամ-պետություն պետք է հարգի Վեհաժողովի եւ Բյուրոյի որոշումը: Լեռնային Ղարաբաղի հարցով ենթակոմիտեն նպատակ չունի կրկնել ԵԱՀԿ Մինսկի խմբին: Ենթահանձնաժողովը շեշտը դնում է հումանիտար գործոնի վրա: Մենք չենք կարող աչք փակել սառեցված հակամարտության հումանիտար հետեւանքների վրա»,- ասել է Չավուշօղլուն:




























