Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը հրապարակայնորեն մեղադրել է ԵԽԽՎ նախագահ Մեւլյութ Չավուշօղլուին պաշտոնական դիրքի չարաշահման եւ իր`որպես Հայաստանից պատվիրակի ելույթ արհեստականորեն խոչընդոտելու մեջ: Զոհրաբյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է, թե մեղադրանքը հնչեցրել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին ուղղված ելույթում:
«Ես մեղադրեցի Չավուշօղլուին, որ նա, վկայակոչելով ԵԽԽՎ կանոնադրության անհեթեթ կետը, ըստ որի` Վեհաժողովի ղեկավարն իրավունք ունի խմբագրել ելույթի համար հերթագրված պատգամավորների ցանկը, ամեն կերպ խոչընդոտում է իմ ելույթը, թույլ չի տալիս հարցեր տալ ելույթ ունեցողներին եւ այլն»,- ընդգծել է Զոհրաբյանը` հավելելով, որ այդ ժամանակ ԵԽԽՎ թուրք նախագահը նստած է եղել դահլիճում:
Դրանից հետո Զոհրաբյանը մոտեցել է Չավուշօղլուին եւ ամեն ինչ ասել նրա երեսին` նկատելով, որ նա կոպտորեն խախտում է ԵԽԽՎ-ի սկզբունքները, ինչին վերջինս պատասխանել է, թե «հետեւում է ԵԽԽՎ կանոնադրությանը»:




























