Լեւոն Տեր-Պետրոսյանը, Հայաստանի նախագահի պաշտոնը թողնելուց հետո, փորձել է լրացնել ընթերցանության այն բացը, որն առաջացել էր իր նախագահության տարիներին` ժամանակ պակասի պատճառով:
Այս մասին նա հայտարարել է այսօր` հոկտեմբերի 3-ին, Ազատության հրապարակում, քաղաքացիների ու լրագրողների հարցերին պատասխանելու ժամանակ:
«Ժյուլ Վեռն կարդացել եմ 11 տարեկանում: Իսկ եթե լուրջ, ես այլ զբաղմունք չունեմ`` այգեգործություն, միտինգ, ընթերցանություն եւ թոռներիս հետ գզվռտոց:
Ես աշխատում եմ չկտրվել գեղարվեստական գրականությունից:
Աշխատում եմ լրացնել այն բացերը, որ նախագահ եղած ժամանակ հնարավորություն չեմ ունեցել ընթերցանությունը: Վերջին շրջանում կարդացել եմ ամբողջ Մարկեսը, ինչ բաց էի թողել, Սարամագոն, Վառլան Շալամով, եւ մի հանճարեղ անուն` կիսով չափ հայ, Սերգեյ Դովլաթովը: Կարդացել եմ ամբողջն ինչ հրատարակված է»,- ասել է նա:
Ինչ վերաբերում է ֆուտբոլային նախասիրությունների մասին հարցին, Տեր-Պետրոսյանն ասել է. «Ֆուտբոլի մասին ասեմ, Հայաստանում ֆուտբոլի պաշտոնական մրցամարտ էր Հայաստանի եւ Իսպանիայի հավաքականների միջեւ: Ընդմիջման ժամանակ մեզ Հայաստանի հավաքականի մարզիչը խնդրեց, որ իջնենք, ողջունենք Իսպանիայի հավաքականի ղեկավարությանը:
Իսպանացի լրագրողներից մեկն ինձ հարցրեց, թե ինչպես կավարտվի խաղը: Ես պատասխանեցի` Հայաստանը կհաղթի 5:0, բայց ախր սա Իսպանիայի հավաքականն է: Եթե չհաղթի էլ, կգնաք ձեր տուն եւ կգրեք, թե Հայաստանի նախագահը ֆուտբոլից բան չի հասկանում:
Իսկ ընդհանրապես որակով ֆուտբոլ եմ դիտում` «Մանչեստեր», «Լիվերպուլ», «Բարսելոնա», «Ռեալ»: Ժամանակին «Արսենալ» էի սիրում, երբ Անրին էր խաղում»:
Հատկանշական է, որ բոլորին թվարկելիս, ՀԱԿ-ի առաջնորդը «Բարսելոնա, Բարսելոնա», վանկարկեց:




























