Իմ ենթադրություն այն է, որ իրենք հյուր ունեին այս օրերին, մասնավորապես, արդեն բոլորդ տեղեկացաք, որ Թուրքիայի նախագահն է այցելում Ադրբեջան, հետեւաբար, իմ կարծիքով Ադրբեջանի ԱԳ նախարարն այդ օրերին չէր կարող բացակայել Բաքվից: Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով նրան, որ օրերս Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Ադրբեջանի խնդրանքով հետաձգվել են Վաշինգտոնում նախատեսված Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը:

«Իմ տրամաբանական հետեւությունը դա է»,-ասաց նա:

Հարցին՝ գուցե, ինչ-որ բա՞ն ունի Ադրբեջանը համաձայնեցնելու Էրդողանի հետ՝ ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց. «Հեռախոսով էլ կարելի է համաձայնեցնել, 21-րդ դարում ենք ապրում»:

Ինչ վերաբերում է հարցին, առաջիկա օրերին նոր հանդիպումը երբ կլինի, Եղոյանն ասաց. «Դա չեմ կարող ասել: Նման հարցերը օրերի կտրվածքով չեն լուծվում, շաբաթների կտրվածքով են լուծվում»:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ գործընթացի քննարկումների հաջորդ փուլն արտաքին գործերի նախարարների մակարդակով նախատեսվում էր հունիսին՝ ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում:

Քննարկումները մեկնարկելու էին հունիսի 12-ին։ Ադրբեջանական կողմի խնդրանքով, սակայն, հանդիպումը հետաձգվել է: