«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն այլեւս չի ցանկանում Արցախի իշխանությունների հետ քաղաքական խորհրդակցությունների մասնակցել եւ Արցախի նախագահից չի ընդունի պետնախարարի պաշտոնում նշանակվելու առաջարկ, եթե այդպիսին լինի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սամվել Բաբայանը, որը ինքն էր շուրջ մեկ ամիս առաջ հրավիրված հանրահավաքում Արցախի նախագահին առաջարկել իրեն նշանակել պետնախարարի պաշտոնում։ 

«Ես այլեւս պատրաստ չեմ որեւէ քննարկման, պատրաստ չեմ ստանձնել Արցախի պետնախարարի պաշտոնում այս կամ այն պարտականությունները, որոնց մասին նախկինում խոսել եմ, նույնիսկ եթե ինձ խնդրեն։ Եթե ուզում եք գնալ ոչնչացման ճանապարհով, ապա գնացեք: Դա վերաբերում է ե՛ւ բանակցությունների բացակայությանը, ե՛ւ Ադրբեջանի հետ փոխվստահության հաստատման գործընթացի բացակայությանը, ե՛ւ սոցիալ-տնտեսական խնդիրներին, ե՛ւ ճանապարհի խնդիրներին»,- ասաց նա՝ նշելով, որ պաշտոն կստանձնի միայն ժողովրդի պահանջով. «Ես պատրաստ եմ պատասխանատվություն ստանձնել միայն ժողովրդի ցանկության դեպքում։ Եթե ժողովուրդը գիտակցի, դուրս գա փողոց եւ ասի, որ այդ մարդը պետք է այս կամ այն քայլն անի, այդ ժամանակ ես կհամաձայնեմ»։ 

Սամվել Բաբայանի դիտարկմամբ՝ Ադրբեջանի կողմից Հակարիի կամրջի մոտ անցակետի տեղադրումը թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի իշխանությունների վարած սխալ քաղաքականության հետեւանքն է։ 

«Պետության ղեկավարն, իբր, ստանձնել է պատասխանատվությունը, ինչը տեղի չունեցավ, ամեն ինչ թողել են ինքնահոսի։ Արցախից Հայաստան անցումը պետք է բաց լինի բոլորի համար, պետք է լուրջ բանակցություններ վարել այդ հարցի շուրջ՝ խնդիրը լուծելու համար։ Անհնար է լուծում չգտնել։ Հայաստանից ասում են՝ մենք ֆինանսավորում ենք տրամադրում, մնացածը դուք ինքներդ թուրքերի հետ որոշեք։ Բայց դա քաոս է ստեղծում, եւ եթե դու ամեն ինչ տանում ես դեպի կործանում, ապա դու պետք է պատասխանատվություն կրես որպես քաղաքական ղեկավար»,– նշեց Սամվել Բաբայանը։ 

Գեներալ–լեյտենանտի կարծիքով՝ Ադրբեջանի հետ պետք է բանակցություններ վարել նաեւ եւ առաջ փոխվստահության մթնոլորտի ձեւավորման նպատակով։ Դրա համար, ըստ նրա՝ անհրաժեշտ է, որ Արցախում ներկայացված քաղաքական ուժերը եւ Արցախի իշխանությունները միասնական որոշում ընդունեն իրավիճակից դուրս գալու վերաբերյալ եւ պատասխանատվություն ստանձնեն։ 

«Պետք է քաղաքական որոշում կայացնել, քաղաքական ուժերը չեն հասկանում, չեն գիտակցում։ Քաղաքական ուժերի մի մասը խոսում է բոյկոտի մասին, մյուս մասը սպասողական դիրքորոշում է որդեգրել։ Բայց ոչ մի ուժ պատասխանատվություն չի ստանձնում։ Արցախի ղեկավարությունը եւ քաղաքական ուժերը պետք է համաձայնության գան մեկ փաստաթղթի շուրջ, Ադրբեջանի հետ սկսեն փաստաթղթերի փոխանակում, բանակցություններ սկսեն։ Մարդը (խմբ. Ռուբեն Վարդանյան) մինչեւ Արցախի պետնախարարի պաշտոնը զբաղեցնելը ասում էր, որ գնում է բանակցելու։ Թուրքերն ասել են, որ չեն ցանկանում նրա հետ բանակցել։ Ի պատասխան՝ նա հայտարարել է, թե ով բանակցելու է թուրքերի հետ, դավաճան է։ Պետք է դադարեցնել խաղեր խաղալը, պառակտել հասարակությունը, իշխանություններն իրենց խաղն են խաղում, մյուսները՝ այլ խաղ։  Եթե բոլորս միասին ասում ենք, որ չենք բանակցում, ուրեմն եկեք ջոկատներ կազմենք եւ գնանք հայրենիքի համար մեռնելու։ Տեսնենք՝ ով կգա»,– նշեց նա։ 

Անդրադառնալով իրավիճակի լուծման Արցախի իշխանությունների դիրքորոշմանը՝ Սամվել Բաբայանը նշեց, որ իր տպավորությամբ Արցախի իշխանությունները խնդրի լուծման ոչ մի տեսլական չունեն։ 

«Կարող է լինել իշխանափոխություն, կամ կարելի է հետքայլ անել եւ սկսել այլ ֆիգուրից, այլընտրանք չկա։ Բայց չեն անում ո՛չ մեկը, ո՛չ մյուսը։ Իշխանությունը հետքայլ անելու փոխարեն ուժեղացրել է ռազմական դրությունը եւ ոչ մեկին ոչինչ չի տալիս։ Ես շատ լավ գիտեմ, թե ինչ են ասում Ադրբեջանում։ Այնտեղ ասում են, որ չեն  շփվելու Արցախի իշխանությունների հետ եւ նրանց համարում են քաղաքական դիակներ։ Պետք է մշակել Ադրբեջանի հետ փոխվստահության մասին առաջարկների փաթեթ եւ բանակցություններ սկսել Բաքվի հետ, եթե նա ցանկանում է, իսկ եթե ոչ, ապա բանակցությունները կարող են սառեցվել»,– ասաց Բաբայանը։