2023 թ. մայիսին 12-ամսյա գնաճը շարունակել է արագ տեմպերով նվազել և ամսվա վերջին կազմել է 1.3%: 12-ամսյա բնականոն գնաճը նույնպես զգալիորեն նվազել է՝ կազմելով 3.1%: Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նրա խոսքով, 2023 թ. երկրորդ եռամսյակում համաշխարհային և ՀՀ հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղ տեմպերը պահպանվում են, և 12-ամսյա գնաճը շարունակում է նվազել։

«Այդուհանդերձ, գործընկեր բոլոր երկրներում, աշխատաշուկաներից ածանցվող գնաճային ճնշումների պահպանման պայմաններում, կոշտ գներով աչքի ընկնող ապրանքների և ծառայությունների գները դեռևս պահպանվում են բարձր մակարդակներում: Ուստի, գործընկեր երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում կշարունակեն վարել զսպող դրամավարկային քաղաքականություն:

Ֆինանսական խիստ պայմանների ներքո պահանջարկի շարունակական թուլացումը նպաստում է ապրանքահումքային շուկաներում գների նվազմանը: Արդյունքում՝ համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունները շարունակում են էականորեն թուլանալ»,-ասաց ԿԲ նախագահը: