Մոսկվայում հոկտեմբերի 3-ին վախճանվել է 38-ամյա իրավաբան, ՅՈՒԿՕՍ ընկերության նախկին գործադիր փոխնախագահ, հայազգի Վասիլի Ալեքսանյանը: Որպես մահվան պատճառ են նշվում Ալեքսանյանի բազմաթիվ հիվանդությունները, այդ թվում` ՁԻԱՀ-ը, տուբերկուլյոզն ու քաղցկեղը: Ազատազրկումից առաջ, ինչպես փոխանցում է Lenta.ru-ն, Ալեքսանյանը գրեթե կուրացել էր: Նախկին ձեռներեցը մահացել է իր տանը:
Հիշեցնենք, որ Ալեքսանյանը 2006թ-ին ձերբակալվել էր փողերի լվացման եւ լեգալացման, ինչպես նաեւ ՅՈՒԿՕՍ-ի դուստր ձեռնարկությունների գույքի յուրացման մեղադրանքով: Նա իրեն մեղավոր չէր ճանաչել, նրա մեղքն այդպես էլ չէր ապացուցվել:
Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը», Ալեքսանյանի փաստաբանները բազմիցս էին խնդրել դատարանին փոխել իրենց պաշտպանյալի խափանման միջոցը` մատնացույց անելով նրա առողջական վիճակը: Նույն պահանջով էր հանդես եկել Ստրասբուրգի դատարանը, որը բազմիցս դիմել էր Ռուսաստանի իշխանություններին` Ալեքսանյանի պայմանները թեթեւացնելու պահանջով:




























