Ավանդական թղթային թերթերը մոտավորպես  2040թ-ին կանհետանան, նրանց կփոխարինեն թվային կրիչները, կանխատեսել է ՄԱԿ-ի Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը (OMPI), տեղեկացնում է Tribune de Geneve-ն:

Պարբերականին տված հարցազրույցում կազմակերպության տնօրեն Ֆրենսիս Հարրին հայտարարել է, որ «մի քանի տարվա ընթացքում տպագիր մամուլը, որը մենք հիմա ճանաչում ենք,  այլեւս գոյություն չի ունենա: Դա էվոլյուցիա է, ոչ լավ է, ոչ վատ: Անցկացված հետազոտությունները դրանց վախճանը կանխատեսում են  մոտավորապես 2040-ին, ԱՄՆ-ում` 2017թ-ին»,-հայտարարել է նա:

Հարրիի խոսքով` այդ «էվոլյուցիան» անխուսափելի է, ԱՄՆ-ում թվային կրիչների վրա գրքերն արդեն ավելի լավ են վաճառվում, քան թղթայինները:

Սակայն իրադարձությունների նման զարգացումը կարող է նաեւ մի շարք խնդիրներ առաջացնել, օրինակ` լրագրողների վճարման հարցը: Նրա խոսքով` պետք է գոյություն ունենա  լրագրողների վարձատրության երաշխիքների համակարգ, «այլապես նրանք (լրագրողները-խմբ)  չեն կարողանա գոյատեւել»: