«Զանգեզուրի միջանցք» բառակապակցության մտացածին թեման ՀՀ–ի համար փակ է, որքան էլ թուրք–ադրբեջանական կողմը փորձում է պարբերաբար անդրադառնալ դրան։ Դա, իհարկե, Ադրբեջանի կողմից տարածքային պահանջ է ՀՀ–ի նկատմամբ: Այս մասին, այսօր՝ հունիսի 14-ին, ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

Նա հավելեց` այն ծավալով, որ ՀՀ վարչապետն է խոսել տարածքային ամբողջականության փոխադարձաբար ճանաչման մասին, Ադրբեջանը չի խոսել։

«Կա այդ ակնկալիքը հայկական կողմից, որ Ադրբեջանը ևս այդ արձանագրումը պետք է ավելի հստակ անի, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը»,– ընդգծեց նա։

Ըստ Խանդանյանի` սա հասկանալի և ընդունելի է նաև միջնորդ հանդիսացող կողմերի համար, որոնք ներգրավված են բանակցություններում։

«Այնպես, ինչպես առաջարկում է ադրբեջանական կողմը` ունենալ սուվերեն միջանցք ՀՀ տարածքով, նման թեմա չկա ու չի կարող լինել. ՀՀ–ի համար դա չափազանց անընդունելի է, և ՀՀ–ն երբեք չի բանակցի դրա շուրջ»,– վստահեցրեց Խանդանյանը։

Նա չժխտեց, որ նման հայտարարություններն անհանգստություն են պատճառում և չեն նպաստում բանակցային գործընթացին։