Միրհաֆիզ Ջաֆարովը մեղադրվում է իրանական հատուկ ծառայությունների օգտին լրտեսության մեջ, առաջիկա օրերին նա կկանգնի դատարանի առջեւ։ Ինչպես տեղեկացրել է haqqin.az-ը, գործով նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է ծանր հանցագործությունները քննող դատարան։ Նիստի ժամկետն առայժմ նշանակված չէ։

«Քննությանը հաջողվել է պարզել, որ Ջաֆարովը, որը հեռակա կարգով ձերբակալված է եւ որի նկատմամբ 2018թ. հայտարարվել է միջազգային հետախուզում այն հանցագործությունների համար, որոնք կատարել է իրանական հատուկ ծառայությունների առաջադրանքով, կատարել է Օրհան Մամեդովի հանձնարարությունները, որը ներկայում թաքնվում է Իրանի տարածքում. այդ գործողությունների հետեւանքով վնաս է հասցվել պետական անվտանգությանն ու Ադրբեջանի պաշտպանունակությանը։ Մասնավորապես, Ջաֆարովը ճշտել է ռազմական նշանակության օբյեկտների գտնվելու վայրը եւ այդ մասին տեղեկություն ուղարկել Մամեդովին Թելեգրամի միջոցով։ Ջաֆարովին ներկայացվել են մեղադրանքներ պետական դավաճանության հոդվածներով, նա ձերբակալվել է դատարանի որոշմամբ»,- գրել է աղբյուրը։