«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունն ահազանգում է, որ Ջերմուկի հարեւանությամբ գտնվող Գնդեվանք վանական համալիրն անտերությունից կործանվում է:
Նախաձեռնությունը դիմում է Ջերմուկի բոլոր ձեռնարկատերերին, առաջին հերթին, հանքային ջրերի գործարանների եւ հանգստյան տների տերերին` վանական համալիրի փրկության հարցում միավորվելու խնդրանքով:
«Մեր հայրենիքում մեր պատմությունը պետք է ապահովագրված լինի կործանումից, մեր անցյալը պետք է պաշտպանված լինի մոռացումից: Դեռեւս ուշ չէ պահպանել այդ անցյալը` հանուն ապագայի»,- ասված է նրանց հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Գնդեվանք միջնադարյան համալիրի հիմքը դրվել է 936 թվականին, իսկ համալիրի գլխավոր` Սբ. Աստվածածին եկեղեցին, համաձայն արեւմտյան դռան ճակատակալ քարե արձանագրության, կառուցվել է 1686 թվականին:
Գնդեվանքի փրկության հարցով միավորվելու խնդրանքի եւ սրբավայրի ներկայիս վիճակի վերաբերյալ «Չենք լռելու»-ն պատրաստել է սլայդշոու:











