Հրաձգության հետեւանքները առկա են գործարանի տարածքում, իսկ արդյոք եղել են կրակոցի հետքեր բնակելի տարածքներում, թե ոչ, դա չենք կարող ասել, նման տեղեկատվության չենք տիրապետում: Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, Երասխ համայնքում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ բանակային կորպուսի հրամանատար գնդապետ Սասուն Բադասյանը:
«Հակառակորդը մշտապես խախտում է հրադադարի ռեժիմը, մենք էլ շարունակում ենք մեր ծառայությունն իրականացնել պետական սահկանի պահպանման գործում»,-ասաց նա:
Նշենք, որ Երասխ են այցելել Հայաստանում հավատարմագրված դեսպանատների ներկայացուցիչները:
Նրանք Սասուն Բադասյանից հետաքրքրվեցին, թե ինչու են հատկապես այս վայր եկել, ինչ կարող են տեսնել, ինչին կորպուսի հրամանատարը պատասխանեց. «Հիմա մենք սահմանից 400 մետր հեռավորության վրա ենք: Այստեղ են վիրավորվել երկու աշխատակիցները, որոնք Հնդկաստանի քաղաքացիներ են: Նրանք զինվորական ծառայության մեջ ընդգրկված չեն, իրենք աշխատում են այս գործարանում»:
Դիվանագետներին հետաքրքրում էր, թե կոնկրետ որ կողմում է սահմանը եւ ինչպես են այնտեղից կրակել:
Նշենք, որ Երասխ են այցելել մոտ 40 երկրի դեսպաններ, ռազմական կցորդներ ու դիվանագետներ՝ տեղում ծանոթանալու երեկ և նախօրեին հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածից հնչած կրակոցների առաջացրած հետևանքներին։
Օտարերկրացի դիվանագետների շարքում են Եվրամիության, Ֆրանսիայի, Գերմանիայի, Չինաստանի և մի շարք այլ երկրների դեսպաններ։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 13-ին ադրբեջանական կողմը կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում են ստացել Հնդկաստանի երկու քաղաքացիներ։











