Ադրբեջանի բոլոր գործողությունները միտում ունեն խանգարել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի բնականոն զարգացմանը: Այս մասին, այսօր՝ հունիսի 15-ին, Երասխ գյուղում Հայաստանում հավատարմագրված դեսպնատների ներկայացուցիչներին հայտնեց Արարտի մարզպետ Սեդրակ Թեւոնյանը՝ անդրադառնալով հունիսի 13-ին տեղի ունեցած դեպքին, երբ Ադրբեջանը կրակ էր բացել Արասխում կառուցվող գործարանի ուղղությամբ եւ վիրավորել երկու հնդիկ աշխատակիցների:

«Իրենց պնդումները, թե ինչ-որ բնապահպանական խնդիրներ կան, ես վստահեցնում եմ, որ որեւէ խնդիր չունենք: Սա միտում է, որ մեր սահմանամերձ բնակավայրերն ուղղակի չզարգանան: Ակնհայտ է, որ նրանց նպատակն այն է, որ գործարանը չկառուցվի: Դուք բոլորդ դա տեսնում եք: Միջազգային գործընկերներին հրավիրել ենք, որ իրենք էլ իրենց ներդրումն ունենան այս հարցի լուծման գործում: Գործարանում դեռ կառուցման աշխատանքներ են գնում, հետեւաբար, չեն կարող բնապահպանական խնդիրներ լինել առնվազն այս պահին:  Ընդ որում, գործարանի կառուցման ներդրումները գալիս են ԱՄՆ-ից: Խոսքը 70 եւ ավելի մլն դոլարի ներդրման մասին է:

Այս պահին գործարանում 200 մարդ է աշխատում, բայց այն շահագործման հանձնվելուց հետո մոտ հազար մարդ կաշխատի»,-ընդգծեց մարզպետը:

Նշենք, որ Երասխ են այցելել մոտ 40 երկրի դեսպաններ, ռազմական կցորդներ ու դիվանագետներ՝ տեղում ծանոթանալու երեկ և նախօրեին հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածից հնչած կրակոցների առաջացրած հետևանքներին։

Օտարերկրացի դիվանագետների շարքում են Եվրամիության, Ֆրանսիայի, Գերմանիայի, Չինաստանի և մի շարք այլ երկրների դեսպաններ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 13-ին ադրբեջանական կողմը կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում են ստացել Հնդկաստանի երկու քաղաքացիներ։