Ucom-ի եւ iCON Communications-ի միաձուլման հետեւանքով միավորվում են նաեւ լարային եւ անլար ինտերնետային ծառայությունները: Ucom-ը, ինչպես հայտնի է` մատուցում է ծառայություններ օպտիկամանրաթելային ցանցի միջոցով, իսկ iCON Communications-ը Հայաստանում առաջատարներից է WIMAX-ի (անլար ինտերնետ) ոլորտում: Այսօր`հոկտեմբերի 4-ին կայացած մամուլի ասուլիսում Ucom-ի եւ iCON Communications-ի տնօրենները` Հայկ Եսայանն ու Ռաֆֆի Քասարջյանը հրաժարվեցին հրապարակել կայացած գործարքի գինը:

Դա պատճառաբանվեց  «դրսի բաժնետերերի» ցանկությամբ: Ռ. Քասարջյանն էլ հավելեց, որ iCON Communications-ի հիմնական բաժնետերը Արաբական միացյալ էմիրաթներում գրանցված ընկերություն է: Բոլոր դեպքերում` Ռ. Քասարջյանը հեռանում է ընկերությունից, սակայն հավաստիացրեց, որ մնալու է Հայաստանում: Նշենք, որ iCON Communications-ի բաժնետոմսերի 100 տոկոսն անցնելու է Ucom-ին:

Ըստ Հ. Եսայանի` միավորման հետեւանքով գների փոփոխություն ներ չեն լինի: iCON Communications-ի բաժանորդները կշարունակեն նախկին պայմաններով ստանալ ծառայությունը, սակայն կարող են նաեւ դիմել Ucom-ին` հավելյալ ծառայություն ստանալու համար:

Հ. Եսայանի մեկնաբանմամբ` տանը շատ ավելի հարմար է ունենալ ֆիքսված լարային ինտերնետ, իսկ անլարն օգտագործել դրսում` ամառանոցում, հանգստյան գոտիներում եւ այլն: