Տավուշի մարզում, հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած սողանքի վայրում, այս պահին քննարկվում են պաշտպանության նախարարության օդուժի օգնությամբ հողազանգվածի տակ մնացած մեքենաների դուրս բերման հնարավոր տարբերակները:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այսօր` հոտկեմբերի 4-ին, ժամը 13.00-ի սահմաններում, ՀՀ Պաշտպանության նախարարության ուղղաթիռով Տավուշի  մարզ է մեկնել ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, ում ուղեկցում է ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը:

ԱԻՆ-ի մասնագետները ուսումնասիրում են սողանքը, որպեսզի գնահատեն դրա վիճակը եւ պարզեն հնարավոր զարգացումները:

Որոնողափրկարարական աշխատանքները չեն դադարում: Սակայն ինչպես եւ նախկինում փրկարարները շարունակում են աշխատել ձեռքի ուժով` օգտագործելով բահեր եւ  փրկարարական այլ թեթեւ գործիքներ, քանի որ ինժեներական ծանր տեխնիկայի օգտագործումը կարող է վտանգավոր լինել` հաշվի առնելով սողանքի ակտիվությունը եւ եղանակային գործոնները:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19:03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում` Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք:  130 մ երկարությամբ եւ 60 մ բարձրությամբ հողազանգվածը լցվել է ավտոճանապարհին եւ այն ամբողջովին  դարձրել անանցանելի: Հողազանգվածի տակ է մնացել տարբեր մակնիշի եւ բեռնատարողության ավտոմեքենա:

Նշենք, որ անհայտ կորած է համարվում  5 մարդ՝ Երեւանի բնակիչ, 38-ամյա Արմեն Սորսումատյանը,  Երեւանի բնակիչ, 47-ամյա Մեխակ Սորսումատյանը,  Լճկաձոր գյուղի բնակիչ, 72-ամյա Նորիկ Միրզոյանը, Վրաստանի քաղաքացի, 19-ամյա Արթուր Գուգենի Հակոբյանը, Վրաստանի քաղաքացի, 62-ամյա Գուրգեն Մովսեսի Հակոբյանը:

ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում գործում է թեժ գիծ՝ 010-52-96-90, 010-36-02-97, 060-44-02-38 հեռախոսահամարներով: