Թբիլիսին պատրաստ է կրկին միջնորդի դեր ստանձնել Երեւանի եւ Բաքվի միջեւ։ Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, Վրաստանի խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին, հաղորդում է վրացական «Առաջին ալիքը»։
«Վրաստանի արտաքին քաղաքականությունը հարեւան երկրների նկատմամբ ուղղված է հավասարակշռված գործընկերային հարաբերությունների եւ փոխշահավետ համագործակցության»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ Վրաստանն ինտենսիվ աշխատում է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդման ուղղությամբ։
«Մեր նպատակն է նպաստել տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը, բարիդրացիությանը եւ տնտեսական զարգացմանը, այդ ուղղությամբ մենք ինտենսիվ աշխատում ենք, եւ դա մեր գլխավոր առաջնահերթություններից մեկն է։ Խաղաղ հարեւանության նախաձեռնության շրջանակներում Վրաստանը արդյունավետ քայլեր է ձեռնարկել երկու հարեւան երկրների միջեւ կառուցողական երկխոսության ուղղությամբ: Մենք պատրաստակամություն ենք հայտնում ապագայում եւս շարունակել մեր մասնակցությունն այս ուղղությամբ, քանի որ կարծում ենք, որ Վրաստանը բնական դեր է խաղում տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման գործում: Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում ցանկացած պահի մեր արժեքավոր ներդրումն ունենալու համար: Մենք բոլորս լավ ենք հիշում Վրաստանի վարչապետի անձնական մասնակցությունն այդ գործընթացին եւ այն կոնկրետ արդյունքները, որոնք բերեցին նրա ջանքերը մեր երկու Հարավային հարեւանների մերձեցման եւ, այսպես ասած, հարաբերությունների բարելավման ուղղությամբ»,-հայտարարել է Իլյա Դարչիաշվիլին։





























