Տավուշի մարզում, հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած սողանքի վայրում, այսօր` հոկտեմբերի 4-ին, ժամը 15:21-ին, ՊՆ-ին պատկանող ՄԻ-8 ուղղաթիռի օգնությամբ փլուզման գոտուց դուրս է բերվել առաջին` «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի 10 ՕԼ 208 համարանիշի ավտոմեքենան եւ տեղափոխվել անվտանգ տարածք:
Այդ մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից:
ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանի խոսքով, այս պահի դրությամբ, գործի է դրվել մեկ ուղղաթիռ:
«Քննարկումից հետո որոշում կայացվեց կիրառել ուղղաթիռը, որպեսզի խուսափենք փլուզման նոր վտանգից, մինչդեռ ծանր տեխնիկայի կիրառումը կարող էր հանգեցնել նոր փլուզումների: Ուղղաթիռն ամենաանվտանգն է»,- NEWS.am-ի թղթակցին ասել է Գրիգորյանը, հավելելով, որ վրացական կողմն առաջարկել է իր օգնությունը` փրկարարական աշխատանքների իրականացման հարցում, սակայն հայկական կողմը հրաժարվել է, քանի որ «աջակցության կարիքն այս պահին չկա»:
Նշենք, որ գործի դրված ուղղաթիռով այսօր Տավուշի մարզ է մեկնել Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Հավելենք, որ ներկայումս տարածքում բարենպաստ եղանակային պայմաններ են:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19:03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում` Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: 130 մ երկարությամբ եւ 60 մ բարձրությամբ հողազանգվածը լցվել է ավտոճանապարհին եւ այն ամբողջովին դարձրել անանցանելի: Հողազանգվածի տակ է մնացել տարբեր մակնիշի եւ բեռնատարողության շուրջ 35 ավտոմեքենա:
Այս պահին անհայտ կորած է համարվում 5 մարդ՝ Երեւանի բնակիչ, 38-ամյա Արմեն Սորսումատյանը, Երեւանի բնակիչ, 47-ամյա Մեխակ Սորսումատյանը, Լճկաձոր գյուղի բնակիչ, 72-ամյա Նորիկ Միրզոյանը, Վրաստանի քաղաքացի, 19-ամյա Արթուր Գուգենի Հակոբյանը, Վրաստանի քաղաքացի, 62-ամյա Գուրգեն Մովսեսի Հակոբյանը:
ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում գործում է թեժ գիծ՝ 010-52-96-90, 010-36-02-97, 060-44-02-38 հեռախոսահամարներով:



























