Իրանը չի կարող միջնորդ լինել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում: Այդ մասին SalamNews-ին տված հարցազրույցում հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան:
Նա նշել է, որ Ադրբեջանը եւ Հայաստանը կողմնակից են հակամարտության կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ. «Դրա համար էլ մենք ողջունում ենք Ադրբեջանի եւ Հայաստանի ջանքերը: Ենթադրում եմ, որ հակամարտությունը լուծվելու է խաղաղ ճանապարհով, կողմերի ձեռնարկած ջանքերի շնորհիվ: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով»:
Հիշեցնենք, որ իրանական կողմը բազմիցս պատրաստակամություն է հայտնել որպես միջնորդ հանդես գալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:




























