ProCredit  բանկը հաջորդ տարի նախատեսում է Հայաստանում բիզնես վարկավորման պորտֆելը 54,5 մլն դոլարից հասցնել 96,5 մլն դոլարի։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, կայացած մամուլի ասուլիսում հայտնեց ProCredit բանկի նորանշանակ տնօրեն Ասմուս Ռոտնեն՝ ընգծելով, որ վարկավորումը կուղղվի փոքր եւ միջին բիզնեսին։ Ըստ նրա՝ ProCredit  բանկը Հայաստանում արդեն հայտնի է ՓՄՁ վարկավորման ծրագրերով, սակայն վարկավորման հաջորդ տարվա ծրագրով ակնկալում են, որ փոքր եւ միջին ձեռնարկատերերը բանկին արդեն կընդունեն, որպես իրենց բիզնեսի համար նախընտրելի բանկ։

«ProCredit  բանկը մի շարք առաջարկներ ունի ուղղված ՓՄՁ ոլորտին, այդ թվում նաեւ մինչեւ 12 տարի մարման ժամկետով բիզնես եւ գյուղատնտեսական վարկեր։ Նման երկարաժամկետ վարկը հատկապես փոքր բիզնես ունեցող գործարարներին թույլ է տալիս, որ նրանք ավելի վստահ լինեն ներդրումներ կատարելիս, ինչը բնակաբար դրական ազդեցություն է ունենում նրանց բիզնեսի համար»,- ասաց Ռոտնեն՝ նշելով, որ բանկը հաջորդ տարի ծրագրում է 7 նոր մասնաճյուղեր բացել Երեւանում։ Ըստ նրա՝ մանր եւ միջին ձեռնարկատիրությունը հիմնականում կենտրոնացած է մայրաքաղաքում։

«Երեւանում միանգամից 7 մասնաճյուղ բացելը կապված է այն հանգամանքի հետ, որ մանր ու միջին բիզնեսը կենտրոնացած է հիմանականում մայրաքաղաքում։ Մարզերում ներուժ կա, բայց բիզնես ակտիվությունը դեռեւս միայն կենտրոնացած է մայրաքաղաքում»,- նշեց ProCredit բանկի նորանշանակ գործադիր տնօրենը։

Նրա խոսքով՝ Հայաստանում ProCredit բանկի նպատակներից է նաեւապահովել բանկի գործունեության առավելագույն թափանցիկություն։

«Գործունեության թափանցիկության ապահովմամբ մենք ցանկանում ենք հաճախորդների առավելագույն վստահությունը ձեռքբերենք, որպեսզի մեր հաճախորդները տեսնեն, որ բանկում թաքնված վարձավճարներ չկան»,- նշեց Ռոտնեն։