Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը այսօր` հոկտեմբերի 4-ին, խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզի մարզպետի, Քաղաքաշինության, Արտակարգ իրավիճակների, Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների, Հայաստանի ազգային ակադեմիայի Երկրաբանության ինստիտուտի, ինչպես եւ Կապի ու Տրանսպորտի նախարարության համապատասխան կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Կապի ու Տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնել են, որ խորհրդակցության ժամանակ քննարկվել է M6 միջպետական մայրուղու 86-րդ կիլոմետրի, Վանաձոր- Բագրատաշեն հատվածի՝ Այրում կայարանի մոտ տեղի ունեցած փլուզման հետեւանքով ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ հետեւանքների վերացման գործընթացը եւ ավտոմայրուղու հետագա ճակատագիրը: Իր ելույթում նախարարը նշել է, որ կարեւորը է վերացնել հետեւանքները ոչ այնքան արագորեն, որքան որակյալ եւ հիմնարար ձեւով: Մանուկ Վարդանյանը առաջնային խնդիր է համարել սողանքային վայրի հետազոտումը, որը հնարավորություն կտա որոշակի պատկերացում ունենալ առաջիկա պատկերի մասին:
Խորհրդակցության ընթացքում որոշում է ընդունվել հատուկ աշխատանքային խմբի ստեղծման մասին, որը զբաղվելու է խնդրի հետազոտմամբ եւ փորձագիտական գնահատման հաշվետվության ստեղծմամբ: Փաստաթուղթը պատրաստ կլինի 3 օրից: Խմբի մեջ են մտել Հայաստանի ազգային ակադեմիայի Երկրաբանության ինստիտուտի, Քաղաքաշինության նախարարության եւ ԱԻՆ-ի ներկայացուցիչները:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19:03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում` Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: 130 մ երկարությամբ եւ 60 մ բարձրությամբ հողազանգվածը լցվել է ավտոճանապարհին եւ այն ամբողջովին դարձրել անանցանելի: Հողազանգվածի տակ է մնացել տարբեր մակնիշի եւ բեռնատարողության շուրջ 35 ավտոմեքենա:
Այս պահին անհայտ կորած է համարվում 5 մարդ՝ Երեւանի բնակիչ, 38-ամյա Արմեն Սորսումատյանը, Երեւանի բնակիչ, 47-ամյա Մեխակ Սորսումատյանը, Լճկաձոր գյուղի բնակիչ, 72-ամյա Նորիկ Միրզոյանը, Վրաստանի քաղաքացի, 19-ամյա Արթուր Գուգենի Հակոբյանը, Վրաստանի քաղաքացի, 62-ամյա Գուրգեն Մովսեսի Հակոբյանը:
ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում գործում է թեժ գիծ՝ 010-52-96-90, 010-36-02-97, 060-44-02-38 հեռախոսահամարներով:



























