Հայ ազգային կոնգրեսը ներկա պահին այլեւս անիմաստ է համարում նման իշխանության հետ որեւէ երկխոսություն: Այս մասին այսօր` հոկտեմբերի 4-ին, Ազատության հրապարակում Հայ ազգային կոնգրեսի շուրջօրյա հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:

«Մեր առջեւ դրված խնդիրների լուծումը այսուհետեւ տեսնում ենք միայն ժողովրդի մոբիլիզացիայի եւ մեր զանգվածային միջոցառումների ակտիվացման մեջ: Ընդհատված երկխոսությունը կարող է տեղի ունենալ միայն իշխանությունների նախաձեռնությամբ, եթե նրանք համապատասխան խնդրանքով դիմեն մեզ: Բայց դիմումը մենք կքննարկենք եւ կորոշենք`ընդառաջել, թե`ոչ նշված խնդրանքին: Այսօրվանից միայն ակտիվացնելու ենք մեր պայքարը»,- հայտարարեց Լեւոն Զուրաբյանը:

Զուրաբյանը ներկայացրեց ՀԱԿ-ի հայտարարությունը, որում, մասնավորապես, ասվում է.

«Սեպտեմբերի 30-ին, սկսելով շուրջօրյա հանրահավաքները, ՀԱԿ-ը հայտարարեց, որ այս լարված քաղաքական իրավիճակում պատրաստ է շուրջօրյա հանրահավաքներին զուգընթաց վերսկսել բանակցություններն իշխանությունների հետ: Հոկտեմբերի 3-ին իշխանությունները տարածել են հայտարարություն, որը բանակցությունների վերսկսումը պայմանավորում է շուրջօրյա հանրահավաքների ավարտով:

Նման պահվածքը նաեւ մատնում է իշխանության վախը Ազատության հրապարակում մեր կազմակերպված հանրահավաքների նկտմամբ: Պետական եւ  քաղաքական մտածելակերպից զուրկ եւ գավառամիտ իշխանություններն այդպես էլ չհասկացան, որ հասարակության հետ իրենց հակամարտության հիմքում ընկած է ընտրված չլինելու փաստը»,- հայտարարեց Լեւոն Զուրաբյանը`հավելելով, որ փոխանակ ընդդիմության հետ բանակցելով գտնեն խնդիրների լուծման ուղիները, իշխանությունները այսօր կենտրոնացած են միայն մեկ խնդրի վրա`ամեն գնով ապահովել հանրահավաքի սակավամարդությունը եւ «այդ նպատակով խախտում են Հայաստանի քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանադրական իրավունքը`այդ առումով հավասարվե;ով Ադրբեջանի եւ Թուրքիայի կառավարություններինղեկավարություններին»: