ԼՂ-ի սուբյեկտայնությունը կարող էր հարցի մեզ համար ընկալելի լուծման գոնե աղոտ հույս ստեղծել, բայց Ղարաբաղի դուրս մղումը բանակցային գործընթացից, փլուզեց հիմնախնդրի կարգավորման հայկական տեսլականի իրականացման թեկուզ աղոտ հույսերը, որովհետեւ ԼՂ-ն բանակցային կողմ չէ, ուրեմն նաեւ սուբյեկտ չէ: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, 44-օրյ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եթե սուբյեկտ չէ, ուրեմն վտանգվում է նաեւ ինքնորոշման իրավունքի հայկական մեկնաբանությունը միջազգայնորեն ընկալելի դարձնելու թեկուզ տեսական հույսը: Բնական հարց է ծագում՝ իսկ ո՞վ է ինքնորոշվողը, իսկ ո՞ւր է նա:
ԼՂ-ին բանակցային գործընթացից դուրս թողնելով ստացվում էր այնպես, որ Հայաստանն էր դառնում ՄԱԿ-ի ԱԽ 4 բանաձեւերի միակ պատասխանատու սուբյեկտը: Այդ բանաձեւերում տարածքների օկուպացիայի մեջ մեղադրվում էին ԼՂ հայկական ուժերը, իսկ Հայաստանին կոչ էր արվում օգտագործել իր ազդեցությունը, որ այդ ուժերը դուրս գան այդ տարածքներից: իսկ ԼՂ-ին բանակցային գործընթացից դուրս դնելով այդ բանաձեւերի մեղադրանքների սլաքները ուղղվեցին հայաստանի վրա: 1999-ից 7 շրջանները չվերադարձնելու մասին միակ որոշում կայացնողի դերում բանակցային սեղանին հանդես էր գալիս Հայաստանը: Քանի որ չկա ԼՂ-ն բանակցություններում, միջազգային ճնշումն ավտոմատ վերահասցեագրվեց ՀՀ-ին: Այս հանգամանքներով պայմանավորված ԼՂ հիմնահարցը կամաց-կամաց սկսվեց ընկալվել որպես տարածքային վեճ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, որը հնարավոր ամենանեգատիվ ֆոնն էր ԼՂ հարցի համար»,-ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով, տարածքային վեճի վերածվելու հանգամանքն արտահայտվեց 1998-1999 թվականներին, երբ բանակցային սեղանին հայտնվեց տարածքների փոխանակում հայեցակարգը, ըստ որի Հայաստանն իր տարածքից մի մաս պետք է տա Ադրբեջանին՝ ԼՂ-ն ստանալու համար: Եթե քո տարածքից մի մաս պետք է տաս, որ ստանաս Ղարաբաղը, նշանակում է ճանաչում ես Ղարաբաղը որպես Ադրբեջան, իսկ սեփական տարածքդ հանում սակարկության»,-ասաց վարչապետը:





























