2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Ադրբեջանի նկատմամբ ճնշումներ չեն իրականացվել, իսկ Մինսկի խմբի համանախագահների նոր փաթեթ են ներկայացնում 2016-ի հունիսին, ապա օգոստոսին, որտեղ արդեն չկա «ԼՂ-ն ստանում է միջանկյալ կարգավիճակ» արտահայտությունը: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, 44-օրյ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կա 6-րդ կետ, որն ասում է, որ մինչեւ վերջնական կարգավիճակի հստակեցումը ճանաչում է ԼՂ-ի լիարժեք կենսագործունեություն ծավալելու իրավունքը:
Բայց եթե հունվարի եւ հունիսի փաթեթները կազմված են երկու փաստաթղթից, որոնցից առաջինը Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրվող հռչակագիրն է՝ ԼՂ հարցի կարգավորման քայլերի մասին, երկրորդ թուղթը Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների կողմից ստորագրվելիք հայտարարությունը, ապա օգոստոսի փաթեթում ավելանում է երրորդ փաստաթուղթ, որը ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւի նախագիծ է: Դրանում ասվում է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հանձնարարում է մեկ ամսվա ընթացքում կողմերի, Մինսկի խմբի համանախագահների, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ խորհրդակցելով ՄԱԿ-ի ԱԽ-ի հաստատմանը ներկայացնել ԼՂ-ի բնական կենսագործունեությունն ապահովելու իրավունքի իրացման գործնական եւ իրավական եղանակների մասին բանաձեւի նախագիծ: Նշվում է, որ այդ իրավունքների համախումբը կապահովի ԼՂ ճանաչված կարգավիճակը մինչեւ նրա վերջնական կարգավիճակի որոշելը: : Այս տարբերակը ընդունելի չէ ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի համար: Ադրբեջանի համար ընդունելի չէ, որովհետեւ Լաչինի եւ Քելբաջարի շրջանները առաջին փուլում չեն վերադարձվում իրեն, Հայաստանի համար էլ, որովհետեւ միջանկյալ կարգավիճակը, ընդհյանրապես ԼՂ կարգավիճակի թեման ամբողջությամբ դուրս է մնում հայկական կողմի որեւէ վերահսկողությունից: եւ դա անցնում է ՄԱԿ-ի ԱԽ-ին»,-հայտարարեց Փաշինյանը՝ նկատելով, որ սա Ադրբեջանի ցանկությունն է, որովհետեւ թե ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է դա որոշի, ուրեմն պետք է ընդունի իր իսկ ընդունած բանաձեւերի շրջանակներում:
«Ամենախնդրահարույց այն է, որ 2016-ի օգոստոսից հետո եղած տարբերակում ԼՂ-ին տրվող իրավունքներն ու դրանց մեխանիզմները պետք է սահմանվեն զրոյից՝ ՄԱԿ-ի ԱԽ որոշման համաձայն եւ այդ պահին ԼՂ-ում հաստատված որեւէ իրողության վերահաստատումը կլինի կասկածի տակ, եթե ոչ անհնարին: Սա նշանակում է, որ ԼՂ-ն կարող է դառնալ հայերի ու ադրբեջանցիների կողմից համատեղ կառավարվող միավոր: ԼՂ բնակիչները պետք է ընտրեն դատական եւ այլ իշխանություններ, բայց իշխանության բոլոր օղակներում պետք է լինեն նաեւ ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներ, այսինքն ընտրողները պետք է լինեն նաեւ ադրբեջանցիները: Սա էլ իր հերթին նշանակում է, որ ԼՂ իշխանության նոր ընտրությունների հարց կարող էր առաջանալ, այս անգամ Ադրբեջանի պնդմամբ եւ մասնակցությամբ: Սա էլ իր հերթին նշանակում է, որ մինչեւ այդ նոր ընտրությունների անցկացումը ժամանակավոր կառավարման հարց կարող էր առաջանալ, որը կարող էր լինել միայն հայ-ադրբեջանական: Այսինքն 26 տարի անց ԼՂ-ն կարող էր վերադառնալ բանակցային սեղանի շուրջ, բայց այս անգամ արդեն հայկական եւ եւ ադրբեջանական պատվիրակությունների կազմով»,-ընդգծեց Փաշինյանը:




























