Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն այսօր` հոկտեմբերի 4-ին, Պաղեստինի ազգային ինքնավարությանը տվել է «Դեմոկրատիայի ամրապնդման հարցով գործընկերոջ» կարգավիճակ: Այդ մասին ասված է ԵԽԽՎ-ի բանաձեւում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Փաստաթղթի համաձայն, ԵԽԽՎ-ն «ձեռք է մեկնում» Պաղեստինին` ելնելով այն բանից, որ նրան գործընկերոջ կարգավիճակ տալը չպետք է կախված լինի Պաղեստինի միջազգային ճանաչման հետ:

ԵԽԽՎ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ նման կարգավիճակի ձեռքբերումը հանդիսանում է կարեւոր խթան` Պաղեստինի տարածքում դեմոկրատիայի հետագա զարգացման, օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների պաշտպանության համար:

Այդուհանդերձ, իր կարգավիճակը հաստատելու համար Պաղեստինի առջեւ մի քանի պայմաններ են դրվել. Իսրայել պետության գոյության իրավունքի ճանաչում, մահապատժի վերացում եւ ազգային միության կառավարության ստեղծման վերաբերյալ բանակցությունների շտապ ավարտում: Բացի այդ, Պաղեստինը պետք է նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ անցկացնի Պաղստինի ամբողջ տարածքում` հրաժարվելով ահաբեկչական մեթոդների կիրառումից:

Հիշեցնենք, որ նոր կարգավիճակը հաստատվել է 2010 թվի հունվարին` պետությունների հետ համագործակցելու շրջանակներում, ովքեր չեն հանդիսանում ԵԽԽՎ-ի անդամ, բայց «ցանկանում են օգտվել դեմոկրատիայի կառուցման փորձից եւ մասնակցել ընդհանուր հարցերով քաղաքական քննարկումներին»: Նման կարգավիճակ ունի միայն Մարոկկոն: