Տավուշի մարզում, հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած փլուզման ու սողանքի վայրում, այսօր` հոկտեմբերի 4-ին, ժամը 18:00 դրությամբ, դեպքից 48 ժամ անց ՊՆ-ին պատկանող ՄԻ-8 ուղղաթիռի օգնությամբ փլուզման գոտուց դուրս է բերվել 8 մեքենա: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին դեպքի առնչությամբ ստեղծված օպերատիվ շտաբում տեղեկանում է Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից: Հիշեցնենք, որ սողանքից տուժել է առնվազն 35 մեքենա:
Փլուզման գոտուց ժամը 15:21-ից մինչեւ 17:51-ը հանվել է «Շեւրոլե» մակնիշի 167 OU 64 համարանիշի կանաչ գույնի, «ՎԱԶ 2106» մակնիշի 08 ՕՏ 441 համարանիշի կաթնագույն, «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի 10 ՕԼ 208 համարանիշի բալագույն, «Միթսուբիշի Պաջեռո» մակնիշի 29 ՏՍ 028 համարանիշի սեւ, «ՎԱԶ 2107» մակնիշի 26 ՍԼ 305 համարանիշի մուգ կապույտ, ճանապարհային ոստիկանությանը պատկանող «Տոյոտա Կորոլա» մակնիշի 659 ՈՍ 01(2552) համարանիշի, «ՎԱԶ» 2106 մակնիշի 65 ԼԼ 686 համարանիշի սպիտակ եւ «ՎԱԶ 2106» մակնիշի 64 OU 922 համարանիշի սպիտակ ավտոմեքենաները:
Այս պահի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Սողանքի գոտում ապահովվել է լուսավորություն, եւ որոնողափրկարարական աշխատանքները չեն դադարում: Շուտով հնարավոր է գործի դրվի երկաթուղային շարժական կռունկը:
Լոռվա եւ Տավուշի մարզի փրկարարներին փոխարինել են Արագածոտնի եւ Գեղարքունիքի մարզերից ժամանած փրկարարները: Նրանց են միացել նաեւ 50 զինծառայող մոտակա զորամասից եւ կամավորներ: Ինչ վերաբերում է անհայտ կորած անձանց, ապա նրանց վերաբերյալ որեւէ տեղեկություն դեռեւս չկա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19:03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում` Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: 130 մ երկարությամբ եւ 60 մ բարձրությամբ հողազանգվածը լցվել է ավտոճանապարհին եւ այն ամբողջովին դարձրել անանցանելի: Հողազանգվածի տակ է մնացել տարբեր մակնիշի եւ բեռնատարողության շուրջ 35 ավտոմեքենա:
Այս պահին անհայտ կորած է համարվում 5 մարդ՝ Երեւանի բնակիչ, 38-ամյա Արմեն Սորսումատյանը, Երեւանի բնակիչ, 47-ամյա Մեխակ Սորսումատյանը, Լճկաձոր գյուղի բնակիչ, 72-ամյա Նորիկ Միրզոյանը, Վրաստանի քաղաքացի, 19-ամյա Արթուր Գուգենի Հակոբյանը, Վրաստանի քաղաքացի, 62-ամյա Գուրգեն Մովսեսի Հակոբյանը:
ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում գործում է թեժ գիծ՝ 010-52-96-90, 010-36-02-97, 060-44-02-38 հեռախոսահամարներով:




























