ԱՄՆ-ը հայտարարել է «Գրին քարտի» հերթական վիճակախաղի մասնակցության հայտերի ներկայացման մասին: Հայտերի ընդունումն սկսվում է հոկտեմբերի 4-ից եւ ավարտվում նոյեմբերի 5-ին: Խոսքը 2013-ի ԱՄՆ վիզաների խաղարկության մասին է, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Վիճակախաղով շահած վիզան իրավունք է տալիս ապրել եւ աշխատել ԱՄՆ-ում: Շահողն ստանում է «Գրին քարտ», այսինքն` մշտական կացության կարգավիճակ,  որը ճանապարհ է բացում ամերիկյան քաղաքացիություն ստանալու համար: Green Card (կանաչ քարտ) անվանումն առաջացել է  1946-1964 թթ. տրված գրանցման առաջին քարտերի գույնի պատճառով: 2010թ. մայիսից քարտերը նորից կանաչ գույն ունեն:

Վիզաների վիճակախաղի շահելու կարգն ընդունվել է ամերիկյան կոնգրեսի կողմից 1996 թ-ին: Հսկայական քանակության հայտերից համակարգիչն ընտրում է 50 հազարը: Ամեն տարի վիճակախաղի մասնակցելու թույլտվություն է տրվում  այս կամ այն երկրներին: Ամենաշատ վիզաները տրվում են այն երկրներին, որտեղից ավելի քիչ են արտագաղթում ԱՄՆ:

Վիճակախաղն անվճար է, դրան մասնակցելու համար պետք է այցելել ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական կայք եւ լրացնել պահանջվող ձեւը: Երբեմն այդ գործում օգնում են միջնորդները, սակայն, ինչպես զգուշացնում է Պետքարտուղարությունը, դա չի մեծացնում շահելու հավանականությունը: