Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առայժմ թաքցնում է, որ այժմ բանակցություններ է վարում այն մասին, որ արցախահայության իրավունքների եւ անվտանգության միակ երաշխավորը լինելու է Ադրբեջանի սահմանադրությունը։ Այս մասին հունիսի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

Պատգամավորի խոսքով՝ Փաշինյանը «ճշմարտությունն է ասում, որ բանակցություններ է վարում այն մասին, որ Ղարաբաղը հանձնի Ադրբեջանի կազմ»։ Նա մեղադրել է Փաշինյանին այն բանում, որ նա 2019թ. չի ստորագրել փաստաթուղթը, «պատերազմը կազմակերպել է» այնպես, իբր հակասական տեղեկություն է ստացել, բյուջեից հսկայական գումարներ է յուրացրել պատերազմի ժամանակ, գնել է զրահաբաճկոններ բարձրացված գներով, տապալել է սպառազինությունների մատակարարումը, նախապես գլխատել է բանակը եւ այլն։

Մամիջանյանը հիշեցրել է, որ Փաշինյանը որպես նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելու պատճառ նշել է զինվորների կյանքի փրկությունը, ընդ որում՝ մշտապես տարբեր տվյալներ նշելով՝ սկզբում խոսում էր 20 հազար զինվորի, հետո՝ 30 հազարի, իսկ երեկ՝ 25 հազար զինվորի մասին։

«Դա վկայում է այն մասին, որ հայ զինվորի կյանքը նրա համար արժեք չունի։ Փաշինյանը մանիպուլացնում է նրանով, որ Շուշի կվերադառնային ադրբեջանցիները, որոնք, նրա խոսքով, կկազմեին բնակչության 90 տոկոսը, եւ քաղաքն իբր փաստորեն դուրս կգար հայկական կողմի վերահսկողությունից։ Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ կազմակերպվում է փախստականների վերադարձը։ Գոնե մեկ ադրբեջանցի վերաբնակվե՞լ է Արցախի Հանրապետությանը ենթակա տարածքում։ Ոչ։ Ուստի, Փաշինյանի այդ ձեւակերպումը մանիպուլյացիա է։ Նա ստում է։ Շուշին պահպանելու հնարավորություն կար»,- հավաստիացրել է ընդդիմադիր գործիչը։

Նա նշել է, որ  նոյեմբերի 9-ի հայտարարությամբ «նախատեսված է Ադրբեջանին դեպի Նախիջեւան ճանապարհի տրամադրում Ռուսաստանի ԱԴԾ-ի վերահսկողության ներքո։ «Ստացվում է, որ երկու կետ, որոնք իբր նրա համար կարմիր գիծ էին, տեղ են գտել հայտարարությունում, որի տակ նա ստորագրել է»,- ավելացրել է պատգամավորը։

Նա համոզմունք է հայտնել, որ «բոլոր զոհերը հոկտեմբերի 19-ից հետո Փաշինյանի խղճին են», եւ հենց նա է մեղավոր այդ զոհերի համար։ «Փաշինյանը հայտարարել է, որ իրեն 10 անգամ զեկուցել են հակասական տեղեկություն։ Այսինքն՝ նա իրավիճակին չի տիրապետել եւ չի իմացել, թե ինչ է տեղի ունենում։ Սա խոստովանական ցուցմունք է»,- եզրափակել է Հայկ Մամիջանյանը։