Մի կարևոր կոնսենսուս կա առ այն, որ ապաշրջափակման գործընթացը սկսվում է Երասխ-Հորադիզ երկաթգծի վերաշահագործումից, ինչը, կարծում եմ, կարևոր է, որովհետև կոնկրետ է և հասկանալի, թե ինչի մասին է խոսակցոթյունը, խոսակցությունը երկաթգծի մասին է։ Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ, Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը։

«Ես կարծում եմ, որ կա վերջնական ընկալում, որ կարգավորումները պետք է լինեն իրավազորության և ինքնիշխանության ներքո այն երկրների, որոնց տարածքով երկագիծն անցնում է: Դա էլ է շատ կարեւոր եւ ֆունդամենտալ համաձայնություն: Մնացած հարցերի շուրջ դետալներ չեմ հայտնի, որովհետև դեռևս վերջնական կոնսենսուս չկա»,-ասաց նա:

Ճշտող հարցին՝ Բաքուն համաձայնե՞լ է իրավազորության հետ կապված այդ մոտեցմանը, փոխվարչապետը պատասխանեց. «Կարծում եմ՝ այո, որովհետեւ մենք բազմիցս հայտարարել ենք, որ այդ հարցը որեւէ այլ ձեւաչափով չենք քննարկելու: Եվ եթե այնուամենայնիվ, կան քննարկումներ, հանդիպումներ, նշանակում է՝ այդ ընկալումը կիսում են առնվազն մեր եռակողմ աշխատանքային խմբի հարթակի բոլոր մասնակիցները»:

Հարցին՝ կա՞ մի կետ, որտեղ հայկական եւ ադրբեջանական կողմերն ունեն հստակ դիրքորոշում, որ երկու կողմն էլ համաձայն են ճանապարհների ապաշրջափակման հետ կապված. Մհեր Գրիգորյանը պատասխանեց. «Երկաթգծի Երասխ-Հորադիզ հատվածի վերաշահագործումը որպես առաջին փուլ, կարծում եմ՝ վերջնական կոնսենսուս  կա: Բոլոր կողմերը հայտարարել են, որ համաձայն են եւ կիսում են, որ դա այս պահի համարն որպես առաջնային հնարավոր պոտենցիալ պայմանավորվածություն լավ եւ դրական լուծում է տարածաշրջանի եւ բոլոր երկրների համար»: