Դա քննիչ հանձնաժողովի նիստ չէր, քննիչ հանձնաողովի նիստերը փակ են լինում, պարզապես որոշել էին կուզեք մմլո հաղորդագրությու անվանեք, կուզեք՝ այլ միջոցառում, բայց դա քննիչ հանձնաժողովի հետ ոչ մի կապ չուներ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Թեւան Պողոսյանը՝ անդրադառնալով նախօրեին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի ունեցած ելույթին:

«Նրա ամբողջ խոսքը մի բանի էր միտված՝ ամբողջությամբ նենգափոխելու արցախյան շարժման գործընթացը եւ ամեն ինչ անել, որ այլեւս արցախյան հարցը դուրս հանվի հայկական քաղաքական օրակարգից: Դրա համար կարող էր մեղադրել նախկիններին՝ սկսած Լեւոն Տեր-Պետրոսյանից, եթե պետք էր՝ մեղադրել ռուսներին: բայց մոռացավ ասել, որ օրինակ, 2020-ի հոկտեմբերի 18-ին, երբ Մակրոնը զանգել, ասել էր, որ Ադրբեջանը պատրաստ է ինչ-որ բան ստորագրել, ինչո՞ւ չպատմեց, թե ինչ պայմաններ է Ադրբեջանը դրել: Այսինքն այնպես չէ, որ Մակրոնին պայմաններ չեն ասել, իսկ ռուսներին ասել են»,-ասաց նա՝ հավելելով, որ Փաշինյանը օրերն ու ժամերը խաբել է, ընտրովի փաստերը յուրովի է մեկնաբանել, ինչն ամբողջովին սուբյեկտիվ մի մարդու կարծիք է, որն ուղղված է նրան, որ ասի՝ Արցախը մեզ պետք չի:

Ինչ վերաբերում է Փաշինյանի պնդումներին, թե իրեն ճիշտ տեղեկություններ չեն տվել, Թեւան Պողոսյանն ասաց. «Ցանկացած ղեկավար, որը չի ստանում ճիշտը տեղեկություններ, տեղում որոշում է կայացնում: Պատերազմի ժամանակ չես կարող չստանաս ճիշտ տեղեկություններ ու այդ մարդուն չփոխես: Քանի անգամ պետք է փաստվեր, որ մենք 44-օրյա պատերազմի ժամանակ տեսնեինք մարդկանց փոփոխություններ: 1992-1994 թվականներին պաշտպանության 3 նախարար է փոխվել Հայաստանում, իսկ այս դեպքում մենք նման բան չտեսանք: Սա նշանակում է, որ դու վատ ղեկավար ես: Նման դեպքում ղեկավարն ինքը պետք է հեռանար եւ հնարավորություն տար, որ նոր մեկը գա եւ փորձի իրավիճակը շտկել հանուն ազգի, կամ էլ ինքը շատ գոհ է եղել, որ իրեն այդպիսի տեղեկություններ են տվել: Ի վերջո, մենք չենք էլ լսել, թե այդ տեղեկություն հաղորդողներին ինչ են արել:

Այսինքն այստեղ քննիչ հանձնաժողովի խնդիր չկա: Սա արցախյան հարցի բովանդակային տարրը վերացնելու հերթական քայլն էր: Նաեւ նա ստեր ասաց, դրանով եւս մեկ անգամ ապացուցելով, որ արցախյան գործընթացի հետ ընդհանրապես կապ չունի»:

Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, թե 30 տարի Ադրբեջանը պատրաստվել է պատերազմի, իսկ Հայաստանը՝ ոչ, Թեւան Պողոսյանն ասաց. «Դե դու էլ 2018-ին եկել էիր իշխանության, դե պատրաստվեիր, ո՞վ էր ձեռքիցդ բռնել: Կամ, 2018-ի մայիսին եկար իշխանության, հունիսին կամ օգոստոսին, կամ սեպտեմբերին հասկացար, որ այդպիսին է իրավիճակը, դեկտեմբերին ինչո՞ւ գնացիր ընտրությունների եւ իշխանություն ձեւավորել: Փոխանցեիր իշխանությունը ուրիշին, ոնց որ քարը քո ոտքին էին գցել, դու էլ ուրիշի ոտքին գցեիր, ասեիր՝ դե եկեք, տեսեք ինչ եք անում: Թե՞ քեզ միայն իշխանություն էր պետք»:

Քաղաքագետի ներկայացմամբ հիմա Նիկոլ Փաշինյանը մտածում է, թե ինչ անի, որ Արցախը դուրս գա օրակարգից. «Թե Արցախում սով է, տնտեսական ճգնաժամ է, թե շրջափակում է, թե էներգետիկ, պարենային ճգնաժամ է, թե մարդկային ճգնաժամ է, կառավարության նիստին 2 նախադասություն կասի, կանցնի, կգնա:

Թեւան Պողոսյանը նաեւ հայտարարեց, որ նման իրավիճակում ճիշտ լուծումը երկրի ղեկավարի գիտակցված հեռանալն է, որ բանակցող փոխվի. «Դա անձի հարց չի, այլ ինստիտուցիոնալ մոտեցման խնդիր է՝ խաղաքարտերը խառնելու: նոր եկածը կգա նոր վարքագծով, կասի՝ բոլոր նախինների հետ խոսել եմ, այսպես են ասել, ինձնից առաջվանը ինչ ասել է, դա չի իրականությունը: Դրանով կկարողանանք իրավիճակ փոխել: Հակառակ դեպքում գալու է հերթական պարտությունը»: