Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հանդիպել է պաշտոնական այցով Բաքվում գտնվող Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլովի հետ։
Ինչպես տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները, սկզբում կառավարությունների ղեկավարներն առերես բանակցություններ են վարել, որոնց ընթացքում շոշափվել են երկկողմ օրակարգի հրատապ հարցերը։ Այնուհետեւ կողմերը շարունակել են հանդիպումը երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ։
Ասադովը եւ Սմաիլովը նշել են, որ Ադրբեջանի եւ Ղազախստանի միջեւ համագործակցության հիմնարար ուղղությունը առեւտրատնտեսական փոխգործակցությունն է։
Ադրբեջանի եւ Ղազախստանի միջեւ բանակցությունների արդյունքներով ստորագրվել են փաստաթղթեր, այդ թվում «Ադրբեջանի երկաթուղի» ՓԲԸ-ի, «Ղազախստանի երկաթուղի» ազգային ընկերության եւ «Վրացական երկաթուղի» ԲԸ-ի համատեղ ձեռնարկության ստեղծման բազային սկզբունքների մասին» համաձայնագիրը, «Հուշագիրը ռազմավարական համագործակցության մասին Ադրբեջանի Հանրապետության տարածքով ղազախական նավթի տարանցման վերաբերյալ՝ Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերության եւ «ԿազՄունայԳազի» միջեւ, «Համագործակցության հուշագիրը տրանսպորտային փոխգործակցության ընդլայնման եւ Միջին միջանցքի թվայնացման մասին՝ Ադրբեջանի Հանրապետության տրանսպորտի նախարարության եւ Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության եւ ենթակառուցվածքային զարգացման նախարարության միջեւ»։




























