Ադրբեջանի օմբուդսմենն ակնարկել է բանակցությունների տապալման մասին, եթե Հայաստանն ազատ չարձակի սպանության համար դատապարտված ադրբեջանցի զինվորներին։
Ինչպես տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները, օմբուդսմեն Սաբինա Ալիեւան «դիմել է միջազգային հանրույթին, որպեսզի անհապաղ ազատ արձակվեն Հայաստանի կողմից գերի վերցված եւ ազատությունից ապօրինաբար զրկված զինծառայողներ Աղշին Բաբիրովը եւ Հուսեյն Ախունդովը»։ «Դիմումում նշվել է, որ կանխակալ որոշումների ընդունումը մեղք չունեցող ադրբեջանցի զինծառայողների նկատմամբ ուղղված է երկու երկրների միջեւ ամուր խաղաղության ապահովման բանակցությունների տապալմանը։ Օմբուդսմենը դիմել է միջազգային հանրությանը եւ վճռականորեն պահանջել գործուն միջոցներ ձեռնարկել մեր անօրինաբար ձերբակալված զինծառայողների շուտափույթ ազատ արձակման համար»,- մեջբերել են ԶԼՄ-ները։
Հիշեցնենք, որ «ոչ մի մեղք չունեցող» ադրբեջանցի զինվորները մի ամբողջ շարք քրեական հանցագործություններ են կատարել, այդ թվում սպանություն։




























