Դուբայում Իրանի քաղավիացիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Մոհամադիի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների քաղավիացիայի գլխավոր վարչության գլխավոր տնօրեն Սայֆ Մոհամեդ Ալ Սուվայդիի միջեւ ստորագրվել է համաձայնագիր օդային տրանսպորտի զարգացման եւ սպասարկումների կառավարման մասին։
Համաձայնագիրը նպատակ ունի աջակցել երկու երկրների միջեւ օդային տրանսպորտի ծառայությունների ինտեգրված կառավարմանը։ Այն նաեւ կընդլայնի առեւտրային զբոսաշրջության հնարավորությունները եւ կամրապնդի ավիատրանսպորտային կապերն Իրանի եւ ԱՄԷ-ի միջեւ։
Արաբ պաշտոնյան Իրանի հետ համաձայնագիրն անվանել է «վիթխարի քայլ երկու երկրների միջեւ թռիչքների կազմակերպման համար»։
Իրանի եւ ԱՄԷ-ի միջեւ ավիափոխադրումների ցանցի ընդլայնումն օգուտ կբերի երկու երկրների ավիաընկերություններին, ավելացրել է նա՝ նշելով, որ համաձայնագիրը կօգնի հնարավորություններ ստեղծել առեւտրի ու տուրիզմի համար, ամրապնդել տնտեսական համագործակցությունն առեւտրային ընկերությունների միջեւ, ինչպես նաեւ խրախուսել ազատ մրցակցությունը։
Համաձայնագրում շեշտադրվում է առողջության, անվտանգության եւ ավիացիոն ճյուղի որակի բարձրագույն չափորոշիչներին հետեւելու անհրաժեշտությունը։





























