Ալիեւ-ավագն Արցախն ինքնուրույն միավոր էր համարում, եւ 1994թ. հրադադարի համաձայնագիրը եռակողմ էր՝ Արցախի մասնակցությամբ, սակայն Ադրբեջանը երբեք խորքային չի ընդունել այդ համաձայնագրի եռակողմ բնույթը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հունիսի 23-ին ասել է Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ Բաքուն միշտ փորձել է հասնել նրան, որ այդ գործընթացը ներկայացվի որպես խնդիր հայկական եւ ադրբեջանական համայնքների միջեւ։
«Իսկ կրտսեր դիկտատոր Ալիեւն առհասարակ կարծում է, որ չպետք է լինի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եւ անգամ Լեռնային Ղարաբաղ, իսկ այնտեղ ապրող հայերը, նրա կարծիքով, պետք է գնան Բաքու եւ քննարկեն հարցերն արդեն նախապես լուծված բանաձեւերով, որոնք հնչում են նաեւ Հայաստանում։ Դրանք, այսպես կոչված, գեղեցիկ հնչող ազատություններն ու իրավունքներն են, որոնց մասին խոսում են նաեւ Արեւմուտքն ու Ռուսաստանը»,- ավելացրել է նա։
Հովհաննիսյանը կոչ է արել հիշել, թե ով է առաջինը հայտարարել Արցախի հարցում նշաձողն իջեցնելու անհրաժեշտության մասին։
Դրանում է, ըստ նրա, Հայաստանի իշխանությունների համամասնակցությունը ցեղասպանությանը, քանի որ նման մեխանիզմ այնպիսի հարեւանների հետ, ինչպիսին են Հայաստանի հարեւանները, լինել չի կարող, այդպիսի հարեւանների հետ անհնար է այդ կերպ հասնել խաղաղության։





























