«Աբզաց Մեդիա» լրատվամիջոցի աշխատակից Նարգիզ Աբսալամովան եւ «Голос Америки»-ի լրագրող Նիգյար Մուբարիզը, որոնք նկարահանում էին կատարում Գետաբեկ (Սոյուդլու) գյուղում, կալանավորվել են ոստիկանության աշխատակիցների կողմից, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Լրագրողներն ասել են, որ ոստիկանությունը նրանց կալանավորել է բռնության կիրառմամբ։
«Ոստիկանությունը շատ կոպիտ էր պահում իրեն։ Նրանք ոլորեցին ձեռքերս եւ ծաղրում էին ինձ։ Լրագրողուհի Նիգյար Մուբարիզի բերանը փակեցին եւ սկսեցին խեղդել։ Իսկ հիմա նրանց բռնի տանում են Բաքու»,- ասել է ոստիկանության գործողություններից տուժածներից մեկը։
«Голос Америки» կայքի աշխատակցուհի Նիգյար Մուբարիզը նշել է, որ իրեն երեք հոգի է մոտեցել՝ մեկը քաղաքացիական, երկուսը՝ ոստիկան, նրանք խլել են իր հեռախոսը։ Ավելի ուշ հեռախոսը վերադարձրել են եւ վտարել գյուղից։
ԶԼՄ-ների ներկայացուցիչները մտադիր են հայց ներկայացնել դատարան բռնության կիրառման վերաբերյալ։
Իրավիճակը գյուղում սրվել էր այն բանից հետո, երբ ոստիկանությունն ուժով ցրել էր ցույցը ոսկու հանքի շահագործման դեմ։ Ոստիկանությունը քաղաքացիների դեմ կիրառել էր արցունքաբեր գազ, իսկ վերջիններն, իրենց հերթին, ոստիկանների վրա քարեր եւ մահակներ են նետել։ Գյուղացիները հավաստիացնում են, որ իրենց արոտավայրերն օգտագործվում են ոսկու արդյունահանման համար։ Տեղի իշխանությունները տարակուսում են, թե ինչու են գյուղացիներն սկսել ընդվզել հանքի շահագործումից 10 տարի անց։ Նրանք խոստացել են փորձաքննություն իրականացնել եւ արդյունքները ներկայացնել գյուղացիներին։
Տեղի ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ ոսկու հանքը կապված է Ադրբեջանի նախագահի կնոջ՝ Մեհրիբան Ալիեւայի հետ։



























