Մերձմոսկովյան Սերպուխովո քաղաքի շրջանում տասնյակ զինվորականներ են մտցվել Օկայի կամրջով դեպի Սիմֆերոպոլյան խճուղի, տեղեկացրել է «Baza»-ն։
Մարզի տրանսպորտի նախարարությունը տեղեկացրել է կամուրջը փակելու մասին։ Գերատեսչությունում ռուսաստանցիներին խնդրել են չանցնել «Դոն» М-4 եւ «Ղրիմ» М-2 մայրուղիներով։
Վորոնեժի նահանգապետ Ալեքսանդր Գուսեւը տեղեկացրել է, որ ՌԴ Զինված ուժերը շրջանի տարածքում իրականացնում են «անհրաժեշտ օպերատիվ-մարտական միջոցառումներ»։ Նրա խոսքով՝ այդ միջոցառումներն իրականացվում են «հակաահաբեկչական գործողության» շրջանակում։ Դրանից ոչ շատ առաջ նահանգապետը «հավաստի» չէր անվանել Վորոնեժի մարզի տարածքում ռազմական տեխնիկայի տեղակայման մասին լուրը, ինչպես նաեւ քրեական պատասխանատվությամբ էր սպառնացել նրանց, ովքեր նման տեղեկություններ են տարածում, տեղեկացրել է «Մեդուզան»։ Ռուսական ԶԼՄ-ները սկսել են հրապարակել տեսանյութեր, որոնք նկարահանել են, ինչպես հավաստիացվում է, Վորոնեժի մարզի բնակիչները, որոնցում հստակ լսվում են մարտի ձայներ։ Տեղեկացվում է Ռոգաչովկա գյուղի մոտ ընթացող մարտի մասին, մարտի ձայն է լսվում նաեւ Վերխնի Մամոն գյուղում։
Վորոնեժի նահանգապետ Ալեքսանդր Գուսեւը տեղեկացրել է, որ Վորոնեժում կատարվում է նավթի պահեստի հրդեհի մարման աշխատանք Դիմիտրովի փողոցում։ Տեղում աշխատում են ավելի քան 100 հրշեջներ եւ 30 միավոր տեխնիկա։ Նախնական տվյալներով՝ զոհեր չկան։
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին «Վագներ» ՄՌԿ Թելեգրամ-ալիքում հայտարարություն էր հայտնվել այն մասին, որ ՄՌԿ-ի դեմ օդային գրոհ է իրականացվել։ Մեղքը դրվել էր Ռուսաստանի զինվորական ղեկավարության վրա։ «Վագներ» ՄՌԿ ղեկավար Եվգենի Պրիգոժինը խոստացել է «վերականգնել արդարությունը»։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է հարձակման մեղադրանքները, իսկ Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել «Վագներ» ՄՌԿ ղեկավար Եվգենի Պրիգոժինի դեմ զինված խռովության կոչելու մեղադրանքով։
Ավելի ուշ Պրիգոժինը հայտարարել էր, որ վերցրել է Ռոստովի ռազմական օբյեկտների, այդ թվում օդանավակայանի վերահսկողությունը։ Էլ ավելի ուշ հայտնվել էին տեղեկություններ, որ բոլոր կարեւոր օբյեկտները Վորոնեժում նույնպես վերցվել են «Վագների» վերահսկողության տակ։





























