Իսրայելի իշխանությունները խորհուրդ են տվել իրենց քաղաքացիներին «կշռադատել» Ռուսաստան մեկնելու նպատակահարմարությունը՝ կապված վերջին իրադարձությունների հետ։ Այս մասին ասվում է շաբաթ տարածված Իսրայելի ԱԳՆ հաղորդման մեջ։

Միաժամանակ ՌԴ-ում գտնվող իսրայելցիները պետք է կշռադատեն այնտեղ մնալու անհրաժեշտությունը և ցանկացած դեպքում հեռու մնան լարվածության օջախներից, ասվում է հաղորդման մեջ։ 

Իսրայելի ԱԳՆ-ն խորհուրդ է տվել իր քաղաքացիներին ուշադիր հետևել Ռուսաստանում կատարվող իրադարձություններին։

Այս հայտարարությունը տարածվել է Ռուսաստանում ստեղծված իրավիճակի գնահատմանը նվիրված հունիսի 24-ի երեկոյան ԱԳՆ-ում տեղի ունեցած խորհրդակցության արդյունքների հիման վրա։ Նիստը գլխավորել է նախարարության ղեկավար Էլի Քոենը, մասնակցել են Իսրայելի ԱԳՆ գլխավոր տնօրեն Ռոնեն Լևին, երկրի ազգային անվտանգության խորհրդի, պաշտպանության նախարարության և ընդհանուր անվտանգության ծառայության ներկայացուցիչները։

 

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին «Վագներ» ՄՌԿ-ի տելեգրամյան ալիքում հայտարարություն էր եղել այն մասին, որ ՄՌԿ-ն օդային հարձակման է ենթարկվել։ Դրա մեղքը դրվում էր ռուսաստանյան ռազմական ղեկավարության վրա։  «Վագներ» ՄՌԿ ղեկավար Եվգենի Պրիգոժինը խոստացել էր «վերականգնել արդարությունը»։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է հարձակման վերաբերյալ մեղադրանքը, իսկ անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել «Վագներ» ՄՌԿ ղեկավար Եվգենի Պրիգոժինի նկատմամբ՝ ռազմական խռովության կոչ անելու մեղադրանքով։ Ավելի ուշ Պրիգոժինը հայտարարել է, որ հսկողոթյան տակ է վերցրել Ռոստովի ռազմական օբյեկտները, այդ թվում՝ օդանավակայանը։ Այնուհետև հաղորդումներ եղան, որ Վորոնեժի բոլոր առանցքային օբյեկտները նույնպես վերցվել են «Վագներ» ՄՌԿ-ի հսկողության տակ։ Հունիսի 24-ի ուշ երեկոյան Պրիգոժինը հայտարարեց, որ «Վագներ» ՄՌԿ-ն շրջում է իր շարասյուները և վերադառնում դաշտային ճամբարներ։