Այսօր երեկոյան իննին Բելառուսի և Ռուսաստանի նախագահները կրկին հեռախոսազրույց են ունեցել, տեղեկացնում է Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը։ Բելառուսի նախագահը մանրամասն տեղեկացրել է Ռուսաստանի նախագահին «Վագներ» ՄՌԿ-ի ղեկավարության հետ բանակցությունների արդյունքների մասին, տեղեկացնում է Բելտան։
Ռուսաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել իր բելառուս գործընկերոջը կատարած աշխատանքի համար։
Նշենք, որ ավելի վաղ Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ Լուկաշենկոն Ռուսաստանի նախագահի համաձայնությամբ բանակցություններ է վարել «Վագներ» ՄՌԿ-ի ղեկավար Եվգենի Պրիգոժինի հետ։ Բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռուսաստանի տարածքում արյունալի կոտորածի անթույլատրելիության մասին։ Պրիգոժինն ընդունել է «Վագների» զինած անձանց շարժումը Ռուսաստանի տարածքում կանգնեցնելու և լարվածության լիցքաթափման հետագա քայլերի մասին Լուկաշենկոյի առաջարկը։
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին «Վագներ» ՄՌԿ-ի տելեգրամյան ալիքում հայտարարություն էր եղել այն մասին, որ ՄՌԿ-ն օդային հարձակման է ենթարկվել։ Դրա մեղքը դրվում էր ռուսաստանյան ռազմական ղեկավարության վրա։ «Վագներ» ՄՌԿ ղեկավար Եվգենի Պրիգոժինը խոստացել էր «վերականգնել արդարությունը»։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է հարձակման վերաբերյալ մեղադրանքը, իսկ անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել «Վագներ» ՄՌԿ ղեկավար Եվգենի Պրիգոժինի նկատմամբ՝ ռազմական խռովության կոչ անելու մեղադրանքով։ Ավելի ուշ Պրիգոժինը հայտարարել է, որ հսկողոթյան տակ է վերցրել Ռոստովի ռազմական օբյեկտները, այդ թվում՝ օդանավակայանը։ Այնուհետև հաղորդումներ եղան, որ Վորոնեժի բոլոր առանցքային օբյեկտները նույնպես վերցվել են «Վագներ» ՄՌԿ-ի հսկողության տակ։ Հունիսի 24-ի ուշ երեկոյան Պրիգոժինը հայտարարեց, որ «Վագներ» ՄՌԿ-ն շրջում է իր շարասյուները և վերադառնում դաշտային ճամբարներ։




























