Հունաստանում կրկին խորհրդարանական ընտրություններ են, տեղեկացնում է  Reuters-ը։

Ակնկալվում է, որ ընտրողների մեծամասնությունը կքվեարկի նախկին վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի «Նոր ժողովրդավարություն» պահպանողական կուսակցության օգտին՝ կուսակցությանը երկրորդ ժամկետում իշխանության ղեկին թողնելով։

Միցոտակիսի կուսակցությունը հաղթել էր մայիսի 21-ի ընտրություններին՝ շրջանցելով «Սիրիզա» ձախ կուսակցությունը, որը կառավարել էր Հունաստանը 2015-2019 թվականներին։

Սակայն նրան քիչ ձայներ են պակասել բացարձակ մեծամասնություն ստանալու համար, որն անհրաժեշտ է առանց կոալիցիա ստեղծելու կառավարելու համար, ինչը հարկադրել է կրկնակի քվեարկություն անցկացնել այլ կանոններով, որոնք կհեշտացնեն հաղթող կուսակցությանը մեծամասնություն ստանալ 300 տեղանոց խորհրդարանում։

Հասարակական կարծիքի վերջին օրերի հարցումները ցույց են տվել, որ «Նոր ժողովրդավարությունը» հավաքել է ձայների 40%-ը, իսկ Ալեքսիս Ցիպրասի գլխավորած «Սիրիզան» հետ է մնում գրեթե 20%-ով։

Ընտրատեղամասերը Հունաստանում  բացվել են տեղական ժամանակով 07։00-ին և կփակվեն 12 ժամից։