Սյունիքի մարզում հանքավայրի շահագործումն աղետալի հետեւանքներ կունենա շրջակա միջավայրի, նաեւ Տաթեւի վանական համալիրի վրա: Այս մասին ահազանգում է «Խոսքի իրավունք» միավորումը:

Միավորման տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է

«Այս տարվա փետրվարի 23-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ընդունել է չինական «Ֆորչյուն Օյլ» ընկերության պատվիրակությանը եւ քննարկել հանքարդյունաբերության ոլորտում նրանց իրականացնելիք ներդրումային ծրագիրը:

Տեղեկացնենք, որ ընկերությունն այս տարվա հունվարին Հայաստանում ձեռք է բերել երեք հանքավայր, որոնցից մեկը գտնվում է Սյունիքի մարզի Սվարանց գյուղում: Հանքավայրը գտնվում է Տաթեւ գյուղից ընդամենը 4 կմ հեռավորության վրա:

Սվարանցի երկաթի հանքը գտնվում է նախնական ուսումնասիրման փուլում: Սվարանցի երկաթահանքի պաշարները, ըստ նախնական գնահատականների, կազմում են մոտ 1,5 մլրդ տոննա: Դա նշանակում է, որ բավականին մեծ տարածք է շահագործվելու:

Հանքավայրի շահագործումն աղետալի հետեւանքներ կունենա շրջակա միջավայրի վրա: Ծրագիրն ընդգրկում է Տաթեւ վանական համալիրը, շրջապատող գյուղերը, այդ թվում՝ Սվարանցը»: