ԱՄՆ հետախուզական ծառայությունները դեռևս հունիսի կեսին են իմացել «Վագներ» ՄՌԿ ղեկավար Եվգենի Պրիգոժինի ծրագրած ռազմական ակցիայի մասին, գրում է The Washington Post-ը։
Ինչպես գրում է պարբերականը, «բավականաթիվ ազդանշաններ կային, որպեսզի ԱՄՆ ղեկավարությունը կարողանար հասկանալ, որ ինչ-որ բան է տեղի ունենում։ Այնպես որ նրանք, թերևս, պատրաստ էին դրան»։
Ավելի վաղ CNN-ը՝ իր աղբյուրներին վկայակոչելով, հաղորդել էր , որ ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ «Վագներ» ՄՌԿ-ի ղեկավար Եվգենի Պրիգոժինը վաղուց էր նախատեսել «լուրջ մարտահրավեր նետել Ռուսաստանի ռազմական ղեկավարությանը»,
Ըստ աղբյուրների, այս շաբաթվա սկզբին հետախուզության աշխատակիցները բրիֆինգ են անցկացրել Կոնգրեսի առաջնորդների համար՝ «Վագների» տեղաշարժերի և «Ռուսաստանի մերձակայքում զինամթերքի կուտակումների» մասին։
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին «Վագներ» ՄՌԿ-ի տելեգրամյան ալիքում հայտարարություն էր եղել այն մասին, որ ՄՌԿ-ն օդային հարձակման է ենթարկվել։ Դրա մեղքը դրվում էր ռուսաստանյան ռազմական ղեկավարության վրա։ «Վագներ» ՄՌԿ ղեկավար Եվգենի Պրիգոժինը խոստացել էր «վերականգնել արդարությունը»։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է հարձակման վերաբերյալ մեղադրանքը, իսկ անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել «Վագներ» ՄՌԿ ղեկավար Եվգենի Պրիգոժինի նկատմամբ՝ ռազմական խռովության կոչ անելու մեղադրանքով։ Ավելի ուշ Պրիգոժինը հայտարարել է, որ հսկողոթյան տակ է վերցրել Ռոստովի ռազմական օբյեկտները, այդ թվում՝ օդանավակայանը։ Այնուհետև հաղորդումներ եղան, որ Վորոնեժի բոլոր առանցքային օբյեկտները նույնպես վերցվել են «Վագներ» ՄՌԿ-ի հսկողության տակ։ Հունիսի 24-ի ուշ երեկոյան Պրիգոժինը հայտարարեց, որ «Վագներ» ՄՌԿ-ն շրջում է իր շարասյուները և վերադառնում դաշտային ճամբարներ։




























