Ավարտվում է Վորոնեժի նահանգով «Վագներ» ՄՌԿ-ի ստորաբաժանումների շարժումը։ Այն անցնում է նախատեսված կարգով, առանց միջադեպերի։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հաղորդել է նահանգապետ Ալեքսանդր Գուսևը։
«Իրավիճակի վերջնական հանգուցալուծումից հետո մենք կվերացնենք մտցված սահմանափակումները։ Այդ մասին լրացուցիչ կտեղեկացնենք, ինչպես նաև այն միջոցառումների մասին, որոնք կձեռնարկենք վնասը վերացնելու և փոխհատուցելու համար։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր վորոնեժցիներին տոկունության, դիմացկունության և խելամտության, իսկ բոլոր ուժային կառույցներին և գործարկված գերատեսչություններին՝ համաձայնեցված աշխատանքի և պրոֆեսիոնալիզմի համար»,- նշել է Գուսևը։
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին «Վագներ» ՄՌԿ-ի տելեգրամյան ալիքում հայտարարություն էր եղել այն մասին, որ ՄՌԿ-ն օդային հարձակման է ենթարկվել։ Դրա մեղքը դրվում էր ռուսաստանյան ռազմական ղեկավարության վրա։ «Վագներ» ՄՌԿ ղեկավար Եվգենի Պրիգոժինը խոստացել էր «վերականգնել արդարությունը»։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է հարձակման վերաբերյալ մեղադրանքը, իսկ անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել «Վագներ» ՄՌԿ ղեկավար Եվգենի Պրիգոժինի նկատմամբ՝ ռազմական խռովության կոչ անելու մեղադրանքով։ Ավելի ուշ Պրիգոժինը հայտարարել է, որ հսկողոթյան տակ է վերցրել Ռոստովի ռազմական օբյեկտները, այդ թվում՝ օդանավակայանը։ Այնուհետև հաղորդումներ եղան, որ Վորոնեժի բոլոր առանցքային օբյեկտները նույնպես վերցվել են «Վագներ» ՄՌԿ-ի հսկողության տակ։ Հունիսի 24-ի ուշ երեկոյան Պրիգոժինը հայտարարեց, որ «Վագներ» ՄՌԿ-ն շրջում է իր շարասյուները և վերադառնում դաշտային ճամբարներ։





























