Երեւանյան «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսն այս տարի կունենա ռեկորդային` 115 մասնակից, նախորդ տարվա 68-ի համեմատ: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 5-ին, հայտարարեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Ամենամյա 7-րդ ցուցահանդեսը կանցկացվի հոկտեմբերի 7-9-ին` Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Սպասվում է, որ ցուցահանդեսն այս տարի կունենա 18-20 հազ. այցելու, որը նույնպես ռեկորդ է: Ցուցահանդեսն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո, իսկ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հանդիսանում է պլատինե հովանավոր:

Ըստ Կ. Վարդանյանի` «ԴիջիԹեքը» բարձր տեխնոլոգիաների շքերթ է, «ոչ քիչ ոգեւորիչ, քան ռազմական շքերթը»:

«ԴիջիԹեք» 2011-ին ուղղակի մասնակցություն կունենան 4 արտասահմանյան ընկերություններ` Թայվանից, Սինգապուրից, Լեհաստանից եւ Ռուսաստանից: Սակայն հայկական ընկերություններից շատերը անուղղակիորեն ներկայացնում են արտասահմանյան կազմակերպության:

Ի դեպ` հենց «ԴիջիԹեքի» միջոցով 2006-ին Հայաստան մտավ «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերությունը, որն այսօր Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի առաջատարներից է: «Նեյշնլ Ինսթրումենթս»-ի տնօրեն Արամ Սալաթյանի խոսքով` այս տարվա «ԴիջիԹեքին» կներկայացվեն խրթին, սակայն հաջողված ինժեներական լուծումներ: