Երևանի հասարակական տրանսպորտի մասին տեղեկություններն արդեն հասանելի են «Yandex»-ի էլեկտրոնային քարտեզում։ Այս մասին, այսօր՝ հունիսի 26-ին, Երևանի քաղաքապետարանի հերթական  գործակարգավարական նիստի ժամանակ նշեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Օգտագործելով «Yandex» քարտեզները՝ քաղաքացիներն ու զբոսաշրջիկները կարող են տեսնել Երևանի հասարակական տրանսպորտի երթուղիներն ու կանգառները, պլանավորել երթևեկությունը՝ նշելով սկզբնակետը և վերջնակետը, տեսնել պլանավորված երթուղու ուղեգիծը։

Քաղաքապետարանը շարունակում է աշխատել և վստահեցնում, որ երթուղիների առցանց ցուցադրման որակը բարելավվելու է։

«Հետագայում ավտոբուսների մեջ կտեղադրվեն հատուկ սարքեր, ու քաղաքացիները հավելվածի միջոցով կկարողանան նաև տեսնել, թե քաղաքի որ հատվածում է գտնվում այն ավտոբուսը, որին սպասում է նա, ինչքան ժամանակից կլինի տեղում` հաշվի առնելով նաև խցանումները»,– զեկուցեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ հուլիսի 1-ին գործարկվող նոր երթուղիները նույնպես տեղ կգտնեն առցանց քարտեզում։

Հետագա պլանների մասին խոսելով` Տիգրան Ավինյանը նշեց, որ կանգառներում մոտ ապագայում պետք է տեղադրվեն չվատախտակներ, որոնք նույնպես մանրամասն տեղեկություններ կհայտնեն ավտոբուսների շարժի մասին: