Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ Կրեմլի դեմ «Վագներ» ՄՌԿ-ի վարձկանների խռովության փորձի հետ կապված ռուսական ճգնաժամը բացահայտեց  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի իշխանության համակարգի «իրական ճեղքերն» այն ​​բանից հետո, երբ նա ստիպված եղավ  խռովարարների առաջնորդին ներում շնորհելու համար գործարքի գնալ:

Մի շարք հեռուստահարցազրույցներում Բլինքենը հիշեցրել է, որ լարվածությունը, որը հանգեցրեց Եվգենի Պրիգոժինի գլխավորած «Վագների» խռովությանը, ավելանում էր ամիսներ շարունակ, եւ որ անկարգությունները կարող են ազդել Ուկրաինայում մարտական գործողություններ անցկացնելու Մոսկվայի կարողության վրա:

«Մեր ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի վրա, որպեսզի երաշխավորենք, որ նա ունի անհրաժեշտ ամեն ինչ իրեն  պաշտպանելու եւ Ռուսաստանի կողմից գրավված տարածքները վերադարձնելու համար», - NBC հեռուստաալիքի Meet the Press-ի եթերում ասել է Բլինքենը:

«Մենք տեսնում ենք, որ ռուսական համակարգի ճեղքերը ջրի երես են դուրս գալիս։ Դեռ շատ վաղ է ասել, թե ինչպես եւ երբ դա կավարտվի։ Բայց, իհարկե, կան բազմաթիվ նոր հարցեր, որոնց Պուտինը պետք է պատասխանի առաջիկա շաբաթների եւ ամիսների ընթացքում»,- պարզաբանել է պետքարտուղարը։

Նույն օրը, ABC հեռուստաալիքի եթերում, նա ասել է, որ պառակտումն ու խառնաշփոթը Ռուսաստանում «կարող են դժվարացնել» Ուկրաինայում ռուսական զորքերի ռազմական գործողությունները։

CBS-ին տված հարցազրույցում Բլինքենն արձանագրել է, որ «Վագներ» խմբավորումը եւ նրա առաջնորդ Եվգենի Պրիգոժինը հանգստյան օրերին «ուղիղ մարտահրավեր են նետել Պուտինի իշխանությանը»:

«...Դա ցույց է տալիս խորը խնդիրները, ցուցադրում իրական ճեղքերը», - ասել է Բլինքենը:

Ըստ պետքարտուղարի՝ Պրիգոժինի գլխավորած «Վագների» զինյալների կողմից Պուտինի իշխանությանը նետված աննախադեպ մարտահրավերի հետեւանքով առաջացած ցնցումները հնարավոր է դեռ չեն ավարտվել եւ կարող են ձգվել շաբաթներով կամ նույնիսկ ամիսներով:

Բլինքենն ասել է, որ նախագահի հանձնարարությամբ նա իր թիմին հանձնարարել է համագործակցել ռուսական կողմի հետ՝ ամերիկյան անձնակազմի, ինչպես նաեւ Ռուսաստանում գտնվող ԱՄՆ-ի բոլոր քաղաքացիների պաշտպանությունը ապահովելու համար։

«Նախագահը երեկ հավաքել է ոչ միայն Ազգային անվտանգության խորհրդին, այլ նաեւ մեր հիմնական դաշնակիցների եւ գործընկերների ղեկավարներին», - ասել է Բլինքենը: «Նա բոլորիս հրահանգեց անել նույնը։ Մենք ունենք  նպատակների եւ գործողությունների մեծ միասնություն, երբ խոսքը վերաբերում է Ուկրաինային աջակցելուն եւ հենց դրա վրա ենք մենք կենտրոնացած»:

ABC հեռուստաալիքում ելույթի ժամանակ Բլինքենն ասել է, որ ռուսական ճգնաժամի «վերջնական ակտը» դեռ չի հասել:

«Դեռ վաղ է դատել, թե ինչպես ամեն ինչ կավարտվի «Վագներ»-ի զինյալների համար»,- մանրամասնել է նա։

Պետքարտուղարության ղեկավարը նշել է, որ նախագահ Ջո Բայդենը չի փորձել կապ հաստատել Պուտինի հետ՝ ընդգծելով, որ Ռուսաստանում անկարգությունները նրա «ներքին գործն են» եւ հավելել, որ ամերիկյան միջուկային դոկտրինում փոփոխություններ չեն եղել։