Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հայկական կողմն ակնկալում է դիրքորոշումների մերձեցում։ Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։
«Հայաստանի Հանրապետության դիրքորոշումն այնպիսին է, որ մենք ցանկանում ենք խաղաղության պայմանագրի այնպիսի տեքստ, որը բխի մեր շահերից և որը կարող է ստորագրվել։ Գործընթացը բարդ է, հիմնական հարցերի շուրջ կան հակասություններ։ Վաշինգտոնյան հանդիպումից ակնկալիքը մի քանի քայլով դիրքորոշումների մերձեցումն է»,- նշեց Ռուբինյանը։
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ապագային և նրա անվտանգության երաշխավորմանը, Ռուբինյանը պնդեց, որ Երևանի դիրքորոշումն այն է, որ այդ հարցերը պետք է քննարկվեն Բաքու-Ստեփանակերտ միջազգային բանակցային մեխանիզմի շրջանակներում։
Մեկնաբանելով փաստը, որ Հայաստանի վարչապետը բազմիցս հայտարարել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին, ընդ որում՝ տարածքի ուղղակի մատնանշումով, մինչդեռ Բաքուն չի շտապում նույնը անել, Ռուբինյանը վկայակոչեց փաստը, որ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի համապատասխան հայտարարությունը Բաքվում չեն հերքել։ «Ադրբեջանի ներկայացուցիչները դեռ չեն հայտարարել, և դա խնդիր է։ Հայաստանին պետք է, որ մեր սահմանները չվիճարկվեն: Եթե կան վիճելի սահմաններ, դրանք կարող են խախտվել տարբեր պատրվակներով։ Ադրբեջանը փորձում է իր գործողությունները բացատրել սահմանազատման բացակայությամբ։ Իրականում դե ֆակտո սահմաններ կան, և բոլորը գիտեն, թե որտեղ են դրանք։ Մենք աշխատում ենք, որպեսզի Ադրբեջանը արձանագրի նրանց ճանաչումը»,- ասաց Ռուբինյանը։
Հարցին, թե հնարավո՞ր է մեկ տարում պայմանավորվել նման լուրջ թեմայի շուրջ, Ռուբինյանն ասաց, որ կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է։ Նա չմատնանշեց նաեւ այն կետերը, որոնց շուրջ կա նախնական պայմանավորվածություն՝ կրկնելով, որ դրանք ամենասկզբունքայինը չեն։
«Մեզ համար ամենասկզբունքային երեքը կետերն են՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիմքում ընկած հստակ քարտեզը, ԼՂ ժողովրդի անվտանգության ու իրավունքների հասցեագրումը՝ երկխոսության մեխանիզմի միջոցով, եւ երաշխիքների ինստիտուտը, քանի որ Ադրբեջանը խախտում է պայմանավորվածությունները: Օրինակ՝ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, Ադրբեջանի կողմից չխախտված ոչ մի կետ չկա»,- նշեց Ռուբինյանը։











